Լոռու մարզի Կաճաճկուտ գյուղն արտագաղթող բնակավայր է դարձել։ Այստեղ անբնակ տներն ավելի շատ են, քան դեռևս բնակելի տները։ Տարեց կաճաճկուտցիները հաշվել են. գյուղում ուղիղ 42 չամուսնացած տղա ունեն, բոլորը քաղաքի ճանապարհ են բռնել: Իսկ գյուղում մնացած ընտանիքներն էլ կարծես հարմարվել են հոգսաշատ առօրյային, ավելին՝ սիրում են իրենց գյուղը, անտեսում դժվարություններն ու փորձում անել հնարավորը, որ գյուղում դրական առումով ինչ-որ բան փոխվի։ Շատերն էլ այս հարցում լավատես չեն:Լեռնային գյուղը հազար ու մի խնդիր ունի: Աշխատանքի ու լավ կյանքի ձգտումով երիտասարդները հեռանում են, չկա մանկապարտեզ, որեւէ ստեղծագործական խմբակ չի գործում, դպրոցն էլ՝ աշակերտների փոքր թվաքանակի պատճառով փակման եզրին է: