Թավշյա հեղափոխության հակաժողովրդական դեմքն օրեցօր ավելի պարզ է դառնում։ Կանխատեսվում էր, որ առաջին հերթին հալածանքների են ենթարկվելու հարուստները, անկախ այն բանից՝ հարստությունն օրինական ճանապարհով է ձեռք բերվել, թե ոչ։ Հետո հալածանքը կտարածվի բոլորի վրա։ Այդպիսի ճնշման գործիք է գույքահարկի բարձրացումը։
Ի՞նչ կշահի և ի՞նչ կկորցնի պետությունը գույքահարկի բարձրացման արդյունքում։
Ապրիլի 14-ին Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության ծրագրի կատարողականի զեկույցը ներկայացնելիս, անդրադարձավ գույքահարկի թանկացմանը և շեշտեց՝ 100 միլիոն դրամ և ավել արժեք ունեցող գույքերի վրա է ծանրացած այդ հարկատեսակը, իսկ այդպիսիք, ընդհանուր գույքային ֆոնդում 0,62 տոկոս են կազմում։ «Բայց այդ 0.62%-ը մեր կատարած բարեփոխումների արդյունքում վճարում է անշարժ գույքի հարկի 42.7%-ը։ Հիմա աղմուկը իմացա՞ք որտեղից է։ Ուշադրություն դարձրեք, հանրապետության անշարժ գույքերի 0.62%-ը վճարում է անշարժ գույքի հարկի 42.7%-ը։ Ասել է, թե անշարժ գույքի հարկի համակարգի մեր իրականացրած բարեփոխումները առնվազն մի էական մասով նույնպես տեղավորվում են թալանածը վերադարձնելու տրամաբանության մեջ, որովհետև հարկերի ծանրակշիռ մասը վճարում են հարուստները, այդ թվում ապօրինի կերպով հարուստ դարձածները»,- մանրամասնեց Փաշինյանը։
Ժողովրդական պատկերացումներով՝ տան վրա գրոհը ամենամեծ վիրավորանքն է։ Նույնիսկ վատ մարդուն պատժելիս, օջախի վրա գրոհը չի արդարացվում։ ՔՊ-ականներն այս մոտեցումները, հավանաբար, չեն կիսում։ Այս է վկայում գույքահարկի բարձրացման նոր կարգը, որը փաստացի գրոհ է մարդկանց տների վրա։
Բոլշևիկները ևս չէին կիսում տան, օջախի վերաբերյալ ժողովրդական մոտեցումները։ Խորհրդային բռնազավթման տարիներին հարուստներին հալածում էին, նրանց տներն ազգայնացվում, վերածվում կոնունալ բնակարանների, տրվում պրոլետարիատի ներկայացուցիչներին։ Արդյունքում էապես փոխվեց ժողովրդագրական պատկերը, ծաղկեցին ծուլությունն ու աղքատությունը։
Տեսակետ կա, թե գույքահարկի բարձրացման միջոցով հարուստների տները թիրախավորելը ՔՊ-ական պարզ, մարդկային ընչաքաղցության դրսևորում է։ Մարդիկ չարանում են տեսելով հարուստներին, նրանց գեղեցիկ տներն, ու մտածում, թե ինչպե՞ս «պատժել», մի քանի դրամ խլել։ Ու բարձրացնում են գույքահարկը։
Հոռետեսների կարծիքով՝ գույքահարկի բարձրացումը հակաժողովրդական է։ ՔՊ-ականներն ատում են ոչ միայն հարուստներին, այլև ամբողջ ժողովրդին։ Ենթադրվում է, որ գույքահարկն աստիճանաբար բարձրանալու է բոլորի համար։ Այս կանխատեսումն իրական է, քանի որ տնտեսության զարգացմանն ու շարունակական գնաճին զուգահեռ, բնակարանների գները ևս աճելու են։ Եվ մի քանի տարի անց շատ տների գներն են լինելու 100 մլն-ից ավելի, ու մեծ գույքահարկեր վճարելու ոչ թե 0,62 տոկոսն, այլ գրեթե բոլորը։
Փաշինյանի խոսքում առանձնակի մտահոգիչ է հարուստներին թիրախավորելը։ Ընդ որում՝ ատելություն է ներշնչվում ոչ միայն ապօրինի կերպով հարստացածների, այլև հարուստների նկատմամբ ընդհանրապես։ Պարզ ակնարկվում է, որ հարուստ լինելը պատժելի է։ Այս մոտեցումն ուղղակի հակասում է «Իրական Հայաստանի» գաղափարախոսության 4-րդ կետին՝ «հարստացիր և հարստացրու»։ Մարդը չի ձգտի հարստանալ, տուն կառուցել, մեծ, հարմարավետ բնակարան գնել, որ չհալածվի, մեծ հարկերի տակ չընկնի, չպատժվի։ Ու կծաղկեն ծուլությունը և աղքատությունը, ինչպես խորհրդային բռնազավթման տարիներին։
Ենթադրելի է, որ 100 մլն դրամից թանկ տներ ունեցողներն առաջիկայում կվաճառեն գույքն ու կհեռանան մարզեր կամ Հայաստանից դուրս։ Գույքահարկի փոփոխման հետևանքով, հնարավոր է, կաղավաղվի ժողովրդի դեմքը։ Հարկ է նկատել, որ ունևորները արդյունք, բարիք է ստեղծում, նպաստում ընդհանուր բարեկեցությանը։ Իսկ եթե ունևորները վաճառեն տներն ու հեռանան, նրանց տները կգնեն օտար երկրների հարուստները, գույքերը կծառայեցնեն օտար նպատակներին։
Կարճ ասած՝ տեղական հարուստների տները թիրախավորելու հետևանքով կպակասի ստեղծվող բարիքը, կստեղծվեն անվտանգային ռիսկեր։ Այս առումով՝ ունևորներին հալածելը, նրանց տների վրա գրոհելը ապապետական վերաբերմունք է։ Գուցե գույքահարկը բարձրացնելով, մի քանի դրամ ավելի կլցվի բյուջեն, սակայն 100 մլն դրամից թանկ տների վրա գրոհելու, բարիք ստեղծողին հալածելու, հարուստին «բոբո» հանելու հետևանքով ժողովրդին ու պետությանը պատճառվող վնասը մեծ է լինելու։ Այսինքն՝ գույքահարկը բարձրացնելով, ժողովուրդն ու պետությունը, հնարավոր է, ավելի շատ կտուժեն, քան կշահեն։
Թաթուլ Մկրտչյան