2018-ից հետո հարուստներն ավելի են հարստացել․ շարքային քաղաքացու կյանքը չի փոխվել
copy image url

2018-ից հետո հարուստներն ավելի են հարստացել․ շարքային քաղաքացու կյանքը չի փոխվել

Ներքին Խոսք 2 ամիս առաջ - 18:00 29-01-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

«Եթե նայենք ըստ ոլորտների, ապա 2018 թվականից սկսած՝ մի քանի ոլորտ կա միայն, որտեղ միջին աշխատավարձի հստակ աճ է գրանցվել։ Դրանք են առաջինը բանկային՝ ֆինանսական ոլորտը, երկրորդը՝ ՏՏ ոլորտը, այս ոլորտների աշխատավարձը 2-3 անգամ աճել է, ինչի հաշվին էլ նման ցուցանիշներ են արձանագրվել»,- Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց «Tvyal.com» տվյալների վերլուծության հարթակի տնօրեն, տնտեսագետ Աղասի Թավադյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն գրառմանը, որ 2024 թ. դեկտեմբերի արդյունքներով 2018 թ. դեկտեմբերի համեմատությամբ Հայաստանում ստեղծվել է 189 հազար նոր աշխատատեղ, իսկ միջին աշխատավարձը աճել է 156 հազար դրամով կամ 70 տոկոսով:

Տնտեսագետը շեշտում է՝ եթե 2018 թվականին բանկային ոլորտի աշխատողները միջինում մոտավորապես 350 հազար դրամ էին ստանում, ՏՏ ոլորտի աշխատողները՝ 550 հազար դրամ, ապա այս պահին բանկային ոլորտի միջին աշխատավարձը գերազանցում է 850 հազար դրամը, ՏՏ ոլորտինը՝ 1 մլն դրամը։

Նրա գնահատմամբ՝ այս տվյալները վկայում են այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում կա 2 տնտեսություն. «Առաջինն այն տնտեսությունն է, որով Հայաստանի կառավարությունը սիրում է հպարտանալ և խոսել դրա մասին, այսինքն՝ բանկային և ՏՏ ոլորտները, որտեղ աշխատավարձը 3 անգամ աճել է այս տարիներին, և դրա հաշվին միջին աշխատավարձը աճել է, իսկ մյուսն արդեն մնացած տնտեսությունն է, մարզերը, որտեղ զգալի աճ չի եղել, արձանագրված աճն էլ, գնաճով պայմանավորված, շատ մեծ չի եղել, օրինակ՝ մարզերի աշխատողների աշխատավարձերը, պետական ծառայողների, ինչպես նաև ուսուցիչների աշխատավարձերը, որոնք զգալի փոփոխություններ չեն կրել։ Սա երկրորդ տնտեսությունն է, որի մասին շատ չի խոսվում»։

Տնտեսագետն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ միջին աշխատավարձի վերաբերյալ հրապարակվող ցուցանիշները հանրության շրջանում կարող են որոշ առումով թյուր կարծիք ստեղծել։

«Պարզ օրինակ բերեմ. ենթադրենք՝ մեր տնտեսությունում 5 մարդ է աշխատում, որոնք ստանում են համապատասխանաբար 1, 2, 3, 4 և 10 դրամ աշխատավարձ։ Այս պարագայում միջին աշխատավարձը ստացվելու է 4 դրամ։ Իրականությունը սա է. տնտեսությունում հիմնական հատվածի աշխատողները ստանում են 100, 200, 300, 400 հազար դրամ աշխատավարձ, բայց որոշակի հատվածի ներկայացուցիչներ ստանում են 1 մլն դրամ և ավելի շատ, ու նրանք իրենց վրա են քաշում միջին աշխատավարձը։ Այսինքն՝ միջին աշխատավարձը և միջին վիճակագրական մարդու աշխատավարձը նույն բանը չեն։ Միջին վիճակագրական մարդու աշխատավարձը այն պարզ օրինակի 3 դրամն էր: Այս պահին միջին վիճակագրական մարդու աշխատավարձը կազմում է մոտավորապես 230 հազար դրամ՝ առանց հարկերը հանելու, իսկ հարկերը հանած՝ մոտ 180 հազար դրամ»,- կարծում է նա։

Աղասի Թավադյանի խոսքով՝ եթե տնտեսությունում ոչինչ չի փոխվում, սակայն հարուստներն ավելի են հարստանում, ապա դրանից միջին աշխատավարձն ինքնըստինքյան բարձրանում է։ Նա շեշտում է՝ պաշտոնական վիճակագրությունն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ ֆինանսական և ՏՏ հատվածում աշխատավարձերը 3 և ավելի անգամ աճել են, իսկ մնացած բոլոր հիմնական աշխատատեղերի աշխատավարձերը մոտ 30%-ով են աճել. «Ընդ որում՝ 2018 թվականից այս կողմ գնաճը 20-30% է կազմել։ Այսինքն՝ միջին վիճակագրական մարդն իր կյանքում էական փոփոխություն չի զգացել»։

Մեր զրուցակիցը նշեց՝ Հայաստանում 2018-ից ի վեր գրանցված աշխատատեղերի թիվն աճել է, սակայն դրանց մի մասը նոր աշխատատեղեր չեն. «Դա պայմանավորված է 2 բանով. առաջինը՝ եկամտահարկի համահարթեցմամբ, որովհետև մինչև 2020 թվականը եկամտահարկը բավականին բարձր էր, ու մարդիկ չէին ցանկանում ստվերից դուրս գալ, սակայն եկամտահարկի կրճատումը հանգեցրել է դեպի բյուջե եկամտային հարկերի մուտքերի մեծացմանը։ Սա մի փոքր իրարամերժ է հնչում, սակայն իրականում հարկային դրույքաչափերի կրճատումը բերել է այդ նույն հարկի գծով մուտքերի մեծացման։ Սրա մասին պետք է շատ լուրջ մտածել, քանի որ փոփոխությունների արդյունքում բավականին մեծ թվով կազմակերպություններ ստվերից դուրս եկան ու գրանցեցին աշխատողներին, ինչի հաշվին գրանցված աշխտողների թիվն ավելացավ։ Այսինքն՝ միանշանակ չէ, որ Հայաստանում դե ֆակտո աշխատող քաղաքացիների թիվն է 189 հազարով աճել, դրա մի մասը այն աշխատատեղերն են, որոնք ստվերից դուրս են եկել, ուստի թիվն աճել է։ Երկրորդ պատճառը եղել է հեղափոխությունից հետո առաջացած ոգևորությունը, որի արդյունքում կազմակերպությունները գրանցել են իրենց աշխատողներին»։

Աղասի Թավադյանը հավելեց, որ այս պահին տարվող քաղաքականությունը կարող է հակառակ էֆեկտն ունենալ, քանի որ ինչպես հարկային դրույքաչափերն են մեծացվում, այնպես էլ հարկային վարչարարությունն է խստացվում։ Ըստ նրա՝ սա նույն բանն է, ինչ հարկերի մեծացումը։ «Սա կարող է աշխատատեղերի գրանցման տեմպը դանդաղեցնել, իսկ որոշ դեպքերում էլ հանգեցնել գրանցված աշխատատեղերի թվի կրճատմանը»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ձեզ գուցե հետաքրքրի