Ռուսաստանի և Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների դեմ հարվածները դադարեցնելու վերաբերյալ մորատորիումի երկարաձգումը կախված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումից։ Այս մասին հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը TASS-ին։
«Դա կախված կլինի նախագահ Պուտինի որոշումից», — ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք այդ համաձայնությունը կերկարաձգվի ապրիլի 16-ից հետո՝ մարտի 18-ին հայտարարած մորատորիումից 30 օր անց։
Պեսկովը հիշեցրել է, որ «մորատորիումին Ուկրաինան չի հետևել»։
«Հետևաբար անհրաժեշտ կլինի վերլուծել այս 30 օրը, հավանաբար՝ տեղեկատվություն փոխանակել ամերիկացիների հետ, և դրանից հետո գերագույն գլխավոր հրամանատարը՝ նախագահը, կկայացնի որոշում», — եզրափակել է Պեսկովը։