Ներկայում, ինչպես 1920-1921 թվականներին, չբարեկամները երազում են զավթել Սյունիքի մի հատվածն, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցք» բացելու համար։ Ապրիլի 12-ին Անթալիայում դիվանագիտական համաժողովի շրջանակում ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարները կրկին ակնարկել են այս հավակնության մասին։ Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչը բառացի հիշեցրել է «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Սակայն սա ամենը չէ։ Պարզվում է, որ չբարեկամներին նյարդայնացնում է Սյունիքի ոգին, 1920-1921-ի Սյունիքի պաշտպանության պատմական խորհրդանիշ դարձած Գարեգին Նժդեհը։
Oragir.News-ն ավելի վաղ
գրել էր, որ իր տեղեկություններով՝ Հաագայի մշտական արբիտրաժային դատարան ներկայացրած 800-էջանոց հսկայածավալ հայցում Ադրբեջանն, ի թիվս այլ կետերի, պահանջում է Հայաստանում արգելել Գարեգին Նժդեհի անվան հետ կապվող ցանկացած բան, պահանջում են չօգտագործել անունը, վերացնել Նժդեհի հետ կապ ունեցող բոլոր գրքերը, ապամոնտաժել նրա արձանները։ Բաքուն պահանջում է նաև արգելել քաղաքական այն ուժերի գործունեությունը, որոնց ծրագրերում կա Նժդեհի գաղափարախոսությունը, ազգայնականություն, ցեղակրոնություն, այսինքն՝ արգելել Շանթ Հարությունյանի և ՀՀԿ-ի գործունեությունը։
Ինչո՞ւ է չբարեկամը պայքարում Նժդեհի դեմ։ Եվ ինչպե՞ս կարող է ՀՀ իշխանությունը հակադարձել այս հակահայկական լկտիությանը։
Ենթադրելի է, որ Նժդեհին վերաբերող պահանջը Բաքվին թելադրել է Մոսկվան։ Չնայած՝ պատճառաբանության մեջ նշում է, որ Նժդեհը ֆաշիստ է, սակայն իրական պատճառը, հավանաբար, այլ է։ Նժդեհը հայկական է պահել Զանգեզուրը 1920-1921 թվականներին, ջախջախել ու հետ շպրտել ռուս-ադրբեջանական զավթիչներին։ Նժդեհից ջարդ կերածներն այս հայցապահանջով ցույց են տալիս, որ մինչ օրս մրմռում են նրա հարվածներից։ Նրանք լկտիաբար ակնկալում են, որ եթե ՀՀ-ում մերժվի Նժդեհը, ապա 1920-1921-ին ռուս-ադրբեջանական զավթիչների դեմ պայքարը ևս կորակվի սխալ, հետևաբար՝ այսօր նորմալ կընկալվի նաև ռուս-ադրբեջանական նկրտումները Սյունիքի հետ կապված։
Պահանջի մեջ ՀՀԿ-ի մասին ակնարկը ևս սոսկ ադրբեջանական չէ։ ՀՀ իշխանությունը 2016-ին Երևանում կանգնեցրեց Նժդեհի արձանը, որը խորհրդանշական պատասխան էր ռուս-ադրբեջանական նկրտումներին։ Արձանի բացումից հետո Մոսկվան նոտա հղեց, Նժդեհի արձանի բացումը որակեց ոչ բարեկամական քայլ։ Այդպիսով, ցույց տվեց, որ Նժդեհին այսօր էլ համարում է թշնամի։ Իսկ «Ռուսաֆոբիան աշխարհում» (2017) ամենամյա զեկույցում Հանրապետական կուսակցությունը որակվեց ռուսաֆոբ՝ հակառուսական ուժ։
Նժդեհի գաղափարների ջատագով հայտնի գործիչներից է Շանթ Հարությունյանը։ Նա լուսավոր ազգայնական գաղափարներ է տարածում Հայաստանում տասնամյակներ շարունակ։ ՀՀ ինքնապաշտպանության մասնակից է եղել 1990-ականներին։ Նա մեծ ժողովրդականություն է վայելում ՀՀ-ում, մասնավորապես՝ Սյունիքում, ինչով պայմանավորված են նրա քաղաքական հաջողությունները Սյունիքի մի քանի համայնքներում։ Այսինքն՝ Շանթ Հարությունյանի հեղինակությունը լրջորեն կարող է նպաստել Սյունիքի պաշտպանությանը, խափանելով ռուս-ադրբեջանական չբարեկամների հակահայ պլանները։
Կարծ ասած՝ Սյունիքի վերաբերյալ հակահայ պլաններն իրականացնելու համար են Մոսկվան ու Բաքուն թիրախավորում Սյունիքի ոգին, փորձում չեզոքացնել անկախության ջատագովներին, առաջին հերթին՝ նժդեհականներին։ Եթե Նիկոլ Փաշինյանը փոքրոգաբար ուրանա Նժդեհին, ապա չբարեկամերը դրանով չեն բավարարվի, կպահանջեն ուրանալ նաև Մովսես Խորենացուն, Մեսրոպ Մաշտոցին, վերջում՝ դառնալ ռուս կամ թուրք։
Այսպիսի հնարավոր շարունակությունը հաշվի առնելով, ենթադրելի է, որ Փաշինյանը չի կատարի այս պահանջը՝ չի հանի Նժդեհի արձանը, չի խոչընդոտի հեղինակավոր քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանի ազգանվեր գործուներությունը, չի արգելի Նժդեհի մասին գրքերը, որ չմեղադրվի ազգային դավաճանության, հերոսներին ուրանալու մեջ։ ՀՀԿ-ին էլ չեն կպնի նաև այն պատճառով, որ վերջինս կարող է մեկ անգամ էլ նպաստել ՔՊ-ի վերընտրվելուն, ինչպես 2021-ին, երբ մարդիկ ՔՊ էին ընտրում, որ ՀՀԿ-ն հետ չգա։ Սակայն այսպիսի լոյալությունը համարժեք հակադարձում չէ ռուս-ադրբեջանական լկտիությանը։
Ադրբեջանա-ռուսական չբարեկամներին համարժեք պատասխանելու խիզախություն ունեցող ՀՀ իշխանությունը կարող է Նժդեհի արձաններ կանգնեցնել այն վայրերում, որ նրանից ջարդ կերածները լավ տեսնեն ու նորից դողան։ Կարող են նաև Նժդեհին նվիրված նոր ֆիլմեր նկարել, մրցույթներ, համաժողովներ կազմակերպել, Նժդեհի անունով անվանակոչել Իրանից Հայաստան մտնող Հարավ-հյուսիս ճանապարհի մի հատվածը։ Անկախության պաշտպանության առումով մեծ էֆեկտ կունենա Նժդեհին ՀՀ ազգային հերոսի կոչում շնորհելը։ Այսպիսի համարժեք քայլերը, հավանաբար, վերջնական կփակեն չաբարեկամների ախորժակը Սյունիքի վերաբերյալ։
Թաթուլ Մկրտչյան