Հանքային ռեսուրսների վերաբերյալ Ուկրաինայի հետ համաձայնագրի նոր տարբերակում ԱՄՆ-ը Կիեւից պահանջում է ռուսական «Գազպրոմ» ընկերության գազատարի նկատմամբ (որով մինչ այդ իրականացվում էր Եվրոպա ռուսական գազի մատակարարումը) վերահսկողությունը փոխանցել ԱՄՆ Միջազգային ֆինանսական կորպորացիային (DFC), տեղեկացրել է Reuters-ը:
ԱՄՆ ֆինանսների նախարարության ներկայացուցիչը բանակցություններն անվանել է «տեխնիկական բնույթի»: The New York Times (NYT) թերթն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կտեւեն երկու օր՝ ապրիլի 11-ին եւ 12-ին: Ուկրաինան վարձել է Hogan Lovells փաստաբանական ընկերությանը՝ պաշտպանելու իր շահերը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ապրիլի 9-ին ընդգծել է, որ հանքային ռեսուրսների վերաբերյալ համաձայնագիրը պետք է ձեռնտու լինի երկու երկրներին եւ նպաստի Ուկրաինայի արդիականացմանը, հիշեցրել է DW-ն։
Օգտակար հանածոների մասին համաձայնագրի նախագիծը, որը ԱՄՆ-ը հանձնել է Ուկրաինային մարտին, ԱՄՆ-ին արտոնյալ հասանելիություն կապահովեր Ուկրաինայի հանքավայրերի հանդեպ: Վաշինգտոնը նաեւ պահանջում է, որ Կիեւը ուկրաինական պետական եւ մասնավոր ընկերությունների բնական ռեսուրսների շահագործումից ստացված բոլոր եկամուտները տեղակայի համատեղ հիմնադրամում։