Ռուս-ադրբեջանական լարվածությո՞ւն, թե՞ առևտուր․ Ալիևը կործանված օդանավի մասին «մոռացել է»
copy image url

Ռուս-ադրբեջանական լարվածությո՞ւն, թե՞ առևտուր․ Ալիևը կործանված օդանավի մասին «մոռացել է»

Արտաքին Միտք 1 շաբաթ առաջ - 21:35 10-04-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նախորդ տարեվերջին ռուս–ադրբեջանական հարաբերություններում լարվածության միտումներ նկատվեցին, որոնց կապակցությամբ Հայաստանում իրարամերժ գնահատականների պակաս չկար։ Կարծիքներ էին հնչում անգամ, որ տեսանելի ապագայում Ռուսաստանն Իրանի հետ միասին Ադրբեջանի տարածքը մի քանի մասի է բաժանելու, և եթե Հայաստանն իրեն «արժանվույնս» դրսևորի, ապա այդ զարգացումների արդյունքում կարող է վերադարձնել բռնազավթված Արցախի տարածքը։ Այս սցենարն ինչ խոսք լավատեսական էր, սակայն իրատեսությունից հեռու էր այնքան, որքան Հայաստանը՝ ժողովրդավարության բաստիոնից։

Լարվածության պատճառը 2024-ի դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքում Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռի կործանումն էր, ինչի հետևանքով 38 մարդ էր սպանվել։ Միջադեպից հետո ադրբեջանական AZAL ավիաընկերությունը հայտնել էր, որ ինքնաթիռի կործանման պատճառը արտաքին ֆիզիկական և տեխնիկական միջամտությունն է, իսկ Սպիտակ տնից էլ չէին բացառել, որ Բաքու-Գրոզնի ինքնաթիռը կարող է խոցված լինել Ռուսաստանի ՀՕՊ-ի կողմից: Ավելի ուշ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ զանգահարեց իր ադրբեջանցի գործընկերոջը և ներողություն խնդրեց խնդրեց պատահարի համար՝ միևնույն ժամանակ չընդունելով ռուսական կողմի մեղավորությունը։

Պուտինի ներողությունը սակայն չբավարարեց Ալիևին, ով հաջորդող օրերին Ռուսաստանից պահանջում էր պատժել միջադեպի մեղավորներին, ինչպես նաև փոխհատուցում տրամադրել տուժածներին ու նրանց հարազատներին։ Ավելին՝ նա ռուս պաշտոնյաներին սկսեց մեղադրել կատարվածը կոծկելու փորձերի մեջ՝ ուշադրություն հրավիրելով հատկապես այն բանին, որ ինքնաթիռը կործանվել է Ռուսաստանի տարածքում «գետնից գնդակոծության պատճառով», ինչի հետևանքնով էլ գործնականում կորցրել է կառավարումը։ Նմանաբովանդակ հայտարարություններով, որոնց պակասն այդ օրերին Ադրբեջանում չկար, Բաքուն ուղիղ տեքստով մեղադրում էր Մոսկվային՝ ադրբեջանական ինքնաթիռը կործանելու մեջ։

Չհասնելով սեփական պահանջների բավարարմանը՝ Ադրբեջանի իշխանություններին մոտ կանգնած լրատվամիջոցները հաջորդող օրերին սկսեցին կիսասպառնալից հրապարակումներ կատարել և երկրի իշխանությունների բերանով սպառնալ ՌԴ-ին։ Այդ հրապարակումների հեղինակները Կրեմլից պահանջում էին պատասխանատվության ենթարկել ինքնաթիռի կործանման մեղավորներին՝ ընդգծելով՝ եթե ճշմարտությունը թաքցնելու գիծը շարունակվի, ապա պաշտոնական Մոսկվան փաստացի կդառնա հանցագործության մեղսակից։ Սպառնալիքներից զատ քիչ չէին նաև Ռուսաստանի իշխանություններին, այդ թվում նախագահ Պուտինին ուղղված անձնական վիրավորանքները։ Փետրվարի կեսերին Բաքվում գործող «Ռուսական տունը», որը կարծես թե երկկողմ հարաբերություններում առկա լարվածության վերջին դրսևորումն էր։ Դրանից հետո երկկողմ փոխհրաձգությունները դադարեցին։

Նկատենք՝ ինչպես ակնկալվում էր, ռուս-ադրբեջանական հարաբերություններում առաջացած լարվածությունը միջպետական հարաբերություններում լուրջ շրջադարձերի չհանգեցրեց, առավել ևս՝ Ռուսաստանը չմասնատեց Ադրբեջանը։ Այս երկրները ունեն փոխադարձ շահեր, որոնք մշտապես պարտադրում են հաղթահարել լարվածությունը՝ թույլ չտալով, որ այդ վատթարացնի երկկողմ հարաբերությունները։ Մոսկվա-Բաքու փոխգործակցությունը նոր թափ ստացավ հատկապես ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո, երբ ՌԴ-ի նկատմամբ խոշոր պատժամիջոցներ սահմանվեցին, ինչից հետո Ադրբեջանը սկսեց իր տարածքով ռուսական գազ վաճառել Արևմուտքին, որքան էլ Բաքուն հերքի այս պնդումները։ Հատկապես այս իրողությունը երկու երկրների համար միլիոնավոր դոլարների շահույթ է ապահովում, ինչից պատրաստ չեն հրաժարվել։

Այսպիսով՝ թեպետ ռուս-ադրբեջանական լարվածությունն իրական էր, սակայն, կողմերը հերթական անգամ հաղթահարեցին այն՝ ելնելով երկկողմ շահերից ու շահվետ փոխգործակցությունից։ Կարծիքներ կան նաև, որ Ալիևի հոխորտանքները պայմանավորված էին ռուս-ամերիկյան հարաբերությունների բնույթով, որոնք նախքան Թրամփի վերադարձը բավականին լարված էին, և Ադրբեջանի նախագահը այդ ճանապարհով փորձում էր հակառուսականության դաշտում դիվիդենտներ շահել, իսկ այժմ, երբ Մոսկվայի և Վաշինգոտնի միջև որոշակի ջերմացում է նկատվում, Ալիևը նույնպես հակառուսականության նշաձողը իջեցնում է։

Վերջին տարիներին Ռուսաստանի վարած քաղաքականության հետևանքով Ադրբեջանի կշիռն էականորեն աճել է, ինչն այդ երկրին թույլ է տալիս սպառնալիքներ ներկայացնել ՌԴ-ին ու այդ երկրի հետ վերջնագրերի լեզվով խոսել, իսկ ռուսական կողմն էլ առայժմ ի զորու չէ հակազդել։ Բացի այդ, սա առաջին դեպքը չէր, երբ ռուս-ադրբեջանական հարաբերություններում լարվածություն էր առաջանում․ նախորդ տարիներին ևս նմամ դեպքեր եղել են՝ Ադրբեջանը ռուսական ինքնաթիռ էր խոցել, Արցախում ռուս խաղաղապահների էր սպանել, ՌԴ-ին մեղադրում էր Շուշիին իսկանդերով հարվածելու մեջ, սակայն բոլոր այս դեպքերում կողմերին կրկին հաջողվել է հաղթահարել լարվածությունը։

Կարճ ասած՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների բնույթը կողմերից պահանջում է գնել ոչ թե կոնֆլիկտոգեն՝ կոնֆլիկտ առաջնող, այլ կոնֆլիկտը հաղթհարելու ճանապարհով, իսկ Հայաստաը մեծ հաշվով չի կարող օգտվել այս երկների լարվածությունից ու սեփական շահերը սպասարկել, որքան էլ այն իրական լինի։ Ադրբեջանական օդանավի պարագայում խնդիրն արդեն Ալիևի անձնական հեղինականության հարցն էր, ուստի նա սպառնալիքներով ու վերջնագրերով Մոսկվայից փորձում էր հնարավորինս բարձր գին ստանար։

Դատելով այն իրողությունից, որ Ալիևը կործանված օդանավի մասին «մոռացել է»՝ կարող ենք եզրակացնել, որ վերջինիս հաջողվել է դա ստանալ ․․․

Դավիթ Գույումջյան

Ձեզ գուցե հետաքրքրի