«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Facebook-ի իր գրառմամբ անդրադարձել է հայ-ամերիկյան հարաբերությունների սառեցմանը՝ դրա պատասխանատվությունը դնելով Արտաքին գործերի նախարարության վրա։
Նրա խոսքով՝ նախքան ԱՄՆ նախագահական ընտրությունները, ԱԳՆ-ում որոշել են խուսափել շփումներից Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ։
«Ի տարբերություն շատ երկրների՝ մենք սկսել ենք Թրամփի թիմի հետ շփվել միայն ընտրություններից հետո, և դա հենց ԱԳՆ-ի մեղքով էր։ Այժմ քաղում ենք դրա պտուղները՝ սկսած նրանից, որ ԱՄՆ-ն դադարեցրել է աջակցությունը մի շարք (համարյա բոլոր) բարեփոխումներին և վերջացրած Ադրբեջանի վրա ճնշման առերևույթ թուլացմամբ»,- գրել է Իոաննիսյանը։
Ավելի վաղ այս խնդրին էր անդրադարձել նաև Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները նախընտրական շրջանում բացահայտ աջակցություն են ցուցաբերել ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությանը, ինչը նույնպես բացասական ազդեցություն է թողել երկկողմ հարաբերությունների վրա։
«Չի բացառվում, որ դեսպան Մակունցը Վաշինգտոնից վստահեցրել է, թե հաղթելու է Քամալա Հարիսը, և անհրաժեշտ է ամբողջությամբ խաղադրույք կատարել նրա վրա։ Մակունցն ունի անթաքույց վերաբերմունք հանրապետականների նկատմամբ։ Նրանց միջոցառումներին մասնակցելիս անգամ դեսպանատան ֆեյսբուքյան էջում խուսափում էր գրառումներ կատարել, նույնիսկ պաշտոնական երդմնակալության արարողություններից մեկին ի թիվս այլ դեսպանների մասնակցելու դեպքում»,- գրել է Սարգսյանը։
Հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա վիճակը հասկանալու նպատակով
Oragir.News-ը կապ հաստատեց քաղաքագետ Թևան Պողոսյանի հետ։
«Տարիներ շարունակ Հայաստանը կապեր է պահպանել Դեմոկրատական կուսակցության հետ, և դա փաստ է։ Բայց այսօր հայ-ամերիկյան հարաբերությունները սառը վիճակում են։ Եվ եթե նայենք Սահմանադրությանը, ապա արտաքին քաղաքականության պատասխանատուն ոչ միայն ԱԳՆ-ն է, այլև կառավարությունը, որը գործում է նախընտրական ծրագրի հիման վրա։ Իսկ իշխանությունը պատկանում է ժողովրդին, որն իր քվեն է տվել այդ ծրագրին։ Սակայն այն, ինչ խոստացվել էր՝ Հադրութի և Շուշիի դեօկուպացիա, Արցախի երաշխավորում, այսօր իրականություն չի դարձել»,- նշեց քաղաքագետը։
Պողոսյանի համոզմամբ՝ ներկայիս ԱԳՆ-ն վերածվել է անճանաչելի ինստիտուտի․ «Մենք այսօր չենք տեսնում որևէ քննարկում ԱԳՆ-ում, թե ինչպես է ՀՀ կառավարությունը Արցախի վերաբերյալ նման հայտարարություններ անում։ Չկա ներքին քննարկում, չկա քաղաքական ըմբռնում։ ԱԳՆ-ն, փաստացի, հրաժարվել է իր առաքելությունից։ Իսկ ԱՄՆ-ի հետ նման հարաբերությունները այսօր նաև դրա արդյունքն են»։
Քաղաքագետը նաև ընդգծեց, որ միջազգային հարաբերություններում արժեքների փոխարեն գերակայում են շահերը. «Աշխարհի հզորները վաղուց են ապացուցել, որ առաջնորդվում են կոշտ շահերով։ Երբ պետությունը չի կարողանում առաջարկել հստակ շահեր, ապա դառնում է երկրորդական այլոց համար։ Այսօր ԱՄՆ-ի համար նախընտրելի գործընկերներ են Թուրքիան, Ադրբեջանը, նաև Իրանը։ Իսկ Հայաստանը, փոխանակ ամրապնդի իր դիրքերը սփյուռքի միջոցով, այսօր միայն խորացնում է պառակտումները»: