Առողջապահության նախարարության նոր չափորոշիչներով տուբերկուլյոզով հիվանդների բուժման գործընթացը փոփոխությունների է ենթարկվում․ նախատեսվում է, որ նրանք կարող են բուժվել տանը՝ ամբուլատոր պայմաններում։ Սակայն այս որոշումը լայն քննադատության է արժանացել մասնագետների կողմից։
Oragir.News-ի հետ զրույցում առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանը նշեց, որ ինքն անձամբ ահազանգել է ու հորդորել, որ այդ որոշումը չընդունվի։
«Շատ մասնագետներ դեմ են դրան, քանի որ այն մեծ ռիսկեր է պարունակում»,- ասաց նա։ Փորձագետի խոսքով՝ տուբերկուլյոզի ակտիվ փուլում գտնվող հիվանդները, հատկապես դեղակայուն ձևով (MDR-TB), եթե բուժվեն տանը, կդառնան վարակի օջախ ու վտանգ կստեղծեն շրջապատի համար։
«Երեք անգամ բացասական անալիզի դեպքում նոր է նշանակվում ամբուլատոր բուժում։ Մենք չունենք այն ռեսուրսները, որոնք թույլ կտան դեղակայուն տուբերկուլյոզով հիվանդներին առանձնացնել շրջապատից և ապահովել անհրաժեշտ հիգիենիկ պայմաններ»,- ընդգծեց Պողոսյանը։
Նրա խոսքով՝ այն հիվանդները, որոնք տուբերկուլյոզի ակտիվ փուլում են, պետք է գտնվեն հիվանդանոցում, որտեղ ապահովվում են սանիտարական բոլոր նորմերը։ Հ
արցին, թե ինչու է ընդունվել նման որոշում, փորձագետը պատասխանեց, որ այն պայմանավորված է առողջապահական համակարգի լայնամասշտաբ օպտիմալացմամբ։
«Նպատակն է 160 մահճակալից թողնել 80-ը՝ հիվանդանոցի բեռնաթափում իրականացնելու համար»,- նշեց նա։
Փորձագետների կարծիքով՝ առողջապահական քաղաքականության նման փոփոխությունները պետք է իրականացվեն խոր վերլուծության ու ռիսկերի գնահատման հիման վրա, այլապես կարող են լուրջ հետևանքներ ունենալ հանրային առողջության համար։