Ղարաբաղից հնարավոր չէ սանավիացիայով հիվանդներին տեղափոխել Հայաստան․ Ավանեսյան
copy image url

Ղարաբաղից հնարավոր չէ սանավիացիայով հիվանդներին տեղափոխել Հայաստան․ Ավանեսյան

Ներքին 2 տարի առաջ - 17:58 15-12-2022
Արցախի այն գյուղական համայնքները, որոնք Լաչինի միջանցքի փակման հետևանքով կտրվել են Ստեփանակերտից, ՀՀ առողջապահության նախարարության միջոցով դեղորայք և անհրաժեշտ բժշկական պարագաներ են ստացել։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Մենք ուժեղացրել ենք Գորիսի ԲԿ-ի ծառայությունների սպեկտորը, քանի որ շատ քաղաքացիներ, որոնք մնացել էին ճանապարհներին, այդ թվում երեխաներ, հենց այնտեղ են ժամանակավոր հանգրվանել։ Ես անմիջական կապի մեջ եմ արցախցի գործընկերներիս հետ, և մեր մասնագետներն էլ աշխատում են Ստեփանակերտի հիվանդանոցի բժիշկների հետ»,–ասաց Ավանեսյանը։

Նրա խոսքով` հումանիտար ճգնաժամն առկա է, սակայն անում են ամեն ինչ, որ գոնե ծանր հիվանդների վիճակը վերահսկելի լինի։

Հարցին` հնարավոր չէ՞ սանավիացիայի միջոցով ծանր վիճակում գտնվող քաղաքացիներին Ստեփանակերտից Երևան տեղափոխել, Ավանեսյանը պատասխանեց, որ եթե հնարավոր լիներ, իհարկե, կտեղափոխեին։

Նա նշեց, որ դիմել է Կարմիր խաչին և Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ ճնշում գործադրելու և հիվանդներին Հայաստան տեղափոխելու համար պայմաններ ստեղծելու հարցով։ «Մենք ակնկալում ենք, որ կլինեն ճնշումներ և ակնկալում ենք համատեքստային քայլեր։ Ադրբեջանում ԱՀԿ տարածաշրջանային գրասենյակը պետք է ճնշում գործադրի և հնարավորություն ստեղծի, որպեսզի հիվանդներին տեղափոխենք Հայաստան»,-նշեց նախարարը։