«Թուրքիայի ընդդիմությունն իրականում ավելի երկարաժամկետ ռազմավարություն է որդեգրել։ Այսինքն՝ այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ երկու կողմն էլ ինչ-որ փոխզիջումային կետի են հասել ու հնարավոր է, որ տեղի ունեցող գործընթացների տեմպն ինչ-որ չափով նվազի»,-
Oragir.News-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թյուրքագետ Նելլի Մինասյանը՝ գնահատելով Թուրքիայում տիրող իրավիճակը և անդրադառնալով այն պնդումներին, որ ընդդիմության պայքարն աստիճանաբար մարում է։
Նելլի Մինասյան, թյուրքագետ Նշենք, որ Ստամբուլի արդեն նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն համարվում է Էրդողանի գլխավոր քաղաքական հակառակորդը, ձերբակալվել է մարտի 19-ին․ նա մեղադրվում է ահաբեկչության օժանդակման, կաշառակերության և կոռուպցիոն գործարքների մեջ։ Նրա ձերբակալությունից հետո Թուրքիայի խոշոր քաղաքաներում զանգվածային ցույցեր են սկսվել, որոնց ինտենսիվությունը վերջին օրերին կարծես թե նվազում է։Նելլի Մինասյանը շեշտում է՝ փոխզիջում ասելով նկատի ունի այն իրողությունը, որ Էքրեմ Իմամօղլուի փոխարեն Ստամբուլի ժամանակավոր քաղաքապետ նշանակվեց ոչ թե Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության, այլ գլխավոր ընդդիմադիր «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության ներկայացուցիչ Նուրի Ասլանը, իսկ իշխանությունները չգնացին Ստամբուլում արտահերթ ընտրություններ անցկացնելու ճանապարհով։
«Պայքարն իրականում ոչ թե մարում է, այլ կողմերը պատրաստվում են ավելի լուրջ գործընթացի։ Խոսքն արդեն բուն ընտրությունների մասին է։ Այսինքն՝ ես կարծում եմ, որ այս փուլում պայքարն այլևս նախորդ օրերին մասշտաբը չի ունենա, այս համաժողովրդական բնույթ չի ստանա, ավելի կմարի, այո՛»,- ասաց նա։
Թյուրքագետը չի բացառում, որ առաջիկայում Թուրքիայում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն. «Այո՛, հնարավոր է նախագահական արտահերթ ընտրություններ լինեն, որովհետև ընդդիմությունը կրկին նշեց, որ իրենց հետագա պայքարը լինելու է այն բանի համար, որ երկրում արտահերթ ընտրություններ անցկացվեն և Էքրեմ Իմամօղլուն ազատ արձակվի։ Իմամօղլուն այս պահի դրությամբ ընտրություններին չի կարող մասնակցել, որովհետև չունի։ Փաստացի Էրդողանին հաջողվեց նրան մաքրել իր ճանապահից»։
Oragir.News-ի հարցին՝ Թուրքիայի ընդդիմությունն Իմամօղլուից հետո ո՞ւմ շուրջ պետք է համախմբվի՝ մեր զրուցակիցը պատասխանեց. «Չնայած «Հանրապետական-ժողովրդական» կուսակցությունն Իմամօղլուին հայտարարեց նախագահի թեկնածու, որն ավելի շատ ռազմավարական քայլ կարելի է համարել, ամեն դեպքում կարծում եմ՝ համախմբումը կկայանա Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշի շուրջ, եթե իհարկե Իմամօղլուին ազատ չարձակեն ու նրա դիպլոմը չվերականգնեն»։
Նելլի Մինասյանը հավելեց՝ եթե Իմամօղլուն չլինի որպես նախագահի թեկնածու, ապա նրա ընտրազանգվածը կշարժվի Մանսուր Յավաշի ուղղությամբ, ուստի վերջինս Էրդողանի դեմ արդյունավետ պայքարելու հնարավորություն կունենա։
Դավիթ Գույումջյան