Հայկական կողմը ցանկանում է համոզված լինել, որ ինչպես ինքն ունի ղարաբաղյան շարժումը չշարունակելու քաղաքական որոշում, այնպես էլ Ադրբեջանը չունի, օրինակ, «արևմտյան Ադրբեջանի» շարժում սկսելու քաղաքական որոշում: ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ինչո՞ւ ենք հետաձգում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարման հարցով որոշումը. որովհետև ասում ենք՝ մենք ուզում ենք համոզված լինել, որ ինչպես մենք ունենք քաղաքական որոշում, որ ղարաբաղյան շարժումը չենք շարունակում, Ադրբեջանում էլ չկա քաղաքական որոշում, որ իրենք սկսում են մի ուրիշ շարժում, օրինակ՝ «արևմտյան Ադրբեջանի» շարժում, և այս պատմությունը ոչ թե խաղաղություն հաստատելու մասին է, այլ կոնֆլիկտային տրամաբանությունը Ադրբեջանի տարածքից Հայաստանի տարածք արտահանելու մասին»,–ասաց վարչապետը:
Ըստ Փաշինյան՝ դա շատ պարզ տրամաբանություն է: