Կառավարության շենքում քննարկվել է Իրական Հայաստանի գաղափարախոսության քննարկումը։ Նկատենք, որ պետական գործչի գործունեությունը, քաղաքական գործչի գործունեությունից պետք է տարբերվի։ Այստեղ հարց է առաջանում՝ ի՞նչ իրավունքով է Փաշինյանը պետական հաստատությունում քննարկում քաղաքական ուժի մոտեցումներից բխող թեմաներ, որոնք չեն եղել այն ծրագրում, որով ընտրել են կառավարությանը։
Երեկ՝ մարտի 19-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը տելեգրամում տեսանյութ հրապարակեց և կից գրեց․ «Իրական Հայաստանի գաղափարախոսության երկրորդ քննարկումը քաղաքացիների հետ»։
Oragir.News-ը թեմայի հետ կապված մեկնաբանություն ստանալու նպատակով զրուցեց հասարակական-քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ, ում խոսքով՝ այսօր Փաշինյանը զբաղված է 1 բանով՝ համոզել ՀՀ քաղաքացիներին, որ պետք է սպասարկենք թուրքական օրակարգը։
«Նիկոլ Փաշինյանը, երբ դագաղների իշխանազավթմամբ դարձավ վարչապետ, այդպես էլ չկարողացավ տարբերել, թե որն է երկրի ղեկավարի գործառույթը։ Փաշինյանը զբաղված է 1 բանով՝ համոզել ՀՀ քաղաքացիներին, որ մենք պետք է սպասարկենք թուրքական օրակարգը։ Այդ նիստում նա անում է հերթական վտանգավոր հայտարարություններից մեկը, որ մեր հայրենիքը Հայաստանն է, իսկ ժամանակին մեր պետությունը եղել է Թուրքիան։ Փաշինյանը դրանով փորձում է բացել հերթական Օվերտոնի պատուհանը»,-նկատեց մեր զրուցակիցը։
Զոհրաբյանի խոսքով՝ Փաշինյանն այսօր նման է թակարդում ընկած գազանի, որը կարծում է, որ ահաբեկելով և կալանավորելով կարող է փրփուրներից կախվել։
«Փաշինյանի միակ քաղաքական հենարանը մնացել է Թուրքիան և Էրդողանը։ Քննարկումը եղել է ոչ թե քաղաքացիների հետ, այլ Էրդողանի և Ալիևի»,- եզրափակեց նա։