Ոնց որ ասեն` սև մազեր ունես, պետք է վճարովի ծննդաբերես. Նաիրա Զոհրաբյանը` Փաշինյանի հայտարարության մասին
copy image url

Ոնց որ ասեն` սև մազեր ունես, պետք է վճարովի ծննդաբերես. Նաիրա Զոհրաբյանը` Փաշինյանի հայտարարության մասին

Ներքին 2 ամիս առաջ - 16:50 31-01-2025
«Ինչ է նշանակում՝ կինը բանկում ավանդ ունի, պետք է ծննդաբերության համար վճարի, դա մեկը մյուսի հետ կապ չունի, նույն բանն է, որ մեկը ինձ ասի՝ մազերդ սև են, դու պետք է վճարովի ծննդաբերես, այ այդքան աղերս ունի դրա հետ։ Դա ցնդաբանություն է, ասենք, եթե մարդը տարիներով գումար է հավաքել, կամ ծնողը գումար է հավաքել, տվել է իր աղջկան, որ այդ գումարով հետագայում տուն առնի, կամ մարդիկ աշխատանքից զրկված են, ավանդ ունեն և էդ ավանդից եկող գումարով ինչ-որ խնդիր են կարողանում լուծել, հիմա ասում է՝ ով գումար ունի, պիտի վճարովի ծննդաբերի»,- ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Oragir.News-ին տված իր հարցազրույցում՝ խոսելով հայտարարագրերի մասին:

Զոհրաբյանը հավելեց, որ ինքն իրեն միշտ շատ ուժեղ մարդ է համարել՝ կարծելով, որ իրեն այլևս ոչինչ չի կարող զարմացնել, բայց Նիկոլ Փաշինյանի լայվերը, ասուլիսները նայելը արդեն պարզապես նյարդի խնդիր չէ. «Նիկոլին լսելու համար երևի տիեզերական այլ կոդեր պետք է ունենաս, որ չխելագարվես, ինքն ինչ ասում է, ուղղակի աբսուրդ է։ Ինչ հայտարարում է, կատարյալ և անհեթեթ սուտ է։ Ասում է՝ եթե այսօր հայտարարագրեք, որոշակի գումար է վերադարձվելու բժշկական ծառայությունների և այլ ծառայությունների համար, բայց այդ նույն Փաշինյանի՝ 1 տարի առաջ հուլիսի 29-ին ընդունված N10-67 որոշման համաձայն՝ բժշկական հաստատություններում կատարված ծախսերը, ինչպես նաև սպորտային և արվեստի դպրոցների վճարները ենթակա չեն վերադարձի, հետևաբար այսօր նա հերթական անգամ խաբել է հանրությանը: Այսինքն՝ մենք գործ ունենք պաթոլոգիկ ստախոսի հետ, որը հասկանում է՝ իր վարկանիշը այլևս չկա, սկսել է փրփուրներից կախվել, Նիկոլ Փաշինյան այլևս չկա, 0 վարկանիշ ունի»։

Զոհրաբյանի կարծիքով՝ Փաշինյանի գլխավոր նպատակը նման արտահայտություններով և հայտարարություններով, անհեթեթագույն մտքերով իր արդեն չեղած վարկանիշը փրկելն է։

«Ես իրեն լավ եմ ճանաչում, ինքը միշտ գնացել է շոկային հայտարարություններով, ինչ-որ էպատաժի միջոցով, Օվերտոնի պատուհաններ բացելով, ինքը իրեն միշտ համարել է «սուպեր մարդ», նաև եկեք ընդունենք, որ տևական ժամանակ հաջողվում էր ֆռացնել հասարակությանը, ինչի արդյունքում 2018 թվականին դագաղներով իշխանազավթումը հաջողվել է։ Եվ հիմա իր մեծագույն ողբերգությունն այն է, որ ինքը չի կարողանում ֆռացնել անգամ իր «ֆան կլուբի» անդամներին։ Ես երբևէ այսքան վստահություն չեմ ունեցել, որ նա շատ արագ գնալու է, ինքը այլևս լեգիտիմ չէ։ Երբեմնի դուխով վարչապետի էջը, որի «ֆան կլուբի» անդամ էր ամբողջ հանրապետությունը և Սփյուռքը, այսօր փակում է մեկնաբանությունները, և այս պարագայում տարբեր օլիգարխների վզին դրված ֆեյք ինդուստրիաները չեն կարողանում հակակշռել իրական քաղաքացիների զայրույթին և ատելությանը. պարզ է, որ դու ֆեյքով ճշմարտության ձայնը չես փակի»,- ամփոփեց նա:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ընտանեկան փոդքասթի ժամանակ ասել էր, որ այն կանանց համար, որոնք բանկում ավանդ ունեն, ծննդաբերությունը վճարովի կլինի, իսկ ավանդ չունեցող հղիների համար՝ անվճար։