Խոսենք փաստերով․ Ինչպե՞ս օգտագործվեց ու ինչու՞ դեն նետվեց Հայոց ցեղասպանության հարցը

Թուրքական լրատվամիջոցների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց այն մասին, ինչն ամենից շատ են ուզում լսել Թուրքիայում։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումն այլևս Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգում չէ։ Մեր ժողովրդի մեծագույն ողբերգության՝ Հայոց ցեղասպանության հարցը շահարկումների ի՞նչ ուղի անցավ, ինչպե՞ս օգտագործվեց և ինչու՞ դեն նետվեց։ Խոսենք փաստերով։

44-օրյա պատերազմի թեժ շրջանում՝ 2020 թվականի հոկտեմբերի 2-ին կանադական The Globe and Mail պարբերականին տրված հարցազրույցում փաշինյանը հայտարարեց՝ Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ շարունակելու հայոց ցեղասպանությունը։

Հոկտեմբերի 3-ին, երբ սահմանից տագնապալի նորություններ էին գալիս, ժողովրդին հղված իր ուղերձում Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի քաղաքացին այլևս Դեր Զորի ճամփորդը չէ։ Փաստորեն Նիկոլ Փաշինյանը 2020թ․ հոկտեմբերի դրությամբ համարում էր, որ ներկայիս Թուրքիան շարունակում է Աբդուլ Համիդի, Երիտթուրքերի և քեմալականների վարած ցեղասպան քաղաքականությունը Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ։

Այսօրվա՝ 2025 թվականի Թուրքիան նույն Թուրքիան է, ինչպիսին էր 2020 թվականի հոկտեմբերին, որը Ադրբեջանին ռազմական, կադրային, քաղաքական, դիվանագիտական, ֆինանսական աջակցություն էր ցուցաբերում ընդդեմ Հայաստանի։ Թուրքիայի ներկայիս ղեկավարն էլ նույն Ռեջեբ Թայիփ Էրդողանն է, ով ահաբեկիչներ բերեց Արցախ, ով մեծ օգնություն ցույց տվեց Ալիևին 44-օրյա պատերազմի ժամանակ և ով 2020 թվականի դեկտեմբերին Բաքվում տեղի ունեցած հաղթահանդեսի ժամանակ հայտարարեց, որ Էնվեր Փաշայի հոգին հիման փառավորվել է։

Եվ պատերազմից մեկ-երկու տարի անց Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը փաստորեն ժողովրդին սկսեց համոզել, որ այսօրվա Թուրքիան 2020 թվականի Թուրքիան չէ ամենևին։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական առաջնահերթություն չէ այլևս։ ՀՀ սահմանադրական դատարանն ընդունեց որոշում, որով համարեց, որ Անկախության հռչակագրի 11-րդ կետը՝ ՀՀ-ը սատար է կանգնում 1915թ․ Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում իրականացված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին, պարտադիր իրավաբանական ուժ չունի այլևս։

Վերջին ամիսներին էլ սկսեցին առաջ քաշել ու հիմնավորել այն վարկածը, որ այն ամենը ինչ տեղի ունեցավ մեզ հետ, պատճառը մեր մտածողության մեջ էր, այսպես կոչված դաշնակցական մտածողության, դաշնակցական գաղափարախոսության։ Որ իբրև թե մեր խնդիրները գալիս են Հայաստանի Հանրապետության հանդեպ ունեցած մեր վերաբերմունքից, նրանից, որ մենք Հայաստանի Հանրապետությունը համարել ենք հենման կետ, ավելի բարձր ազգային նպատակներ իրականացնելու համար, հենց դրա համար էլ մեր դեմ ենք հանել թուրքերին ու ադրբեջանցիներին։ Այսպիսով ցեղասպանվելու մեղավորը ոչ թե ցեղասպանողն է, այլ ցեղասպանվողի մտածողությունը։ Ու բարձրագոչ հայտարարեցին, որ Հայաստանում գաղափարախոսական տրանսֆորմացիա է սկսել։

Եվ այսպես, ըստ Փաշինյանի, պակաս քան հինգ տարի առաջ Էրդողանը ցեղասպանող էր, իսկ հիմա նա բարեկամ է, և հայ ժողովուրդն է մեղավոր, երախտամոռ։ 2020 թվականի աշնանը հայ-թուրքական սրված թշնամությունը Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ էր պայմանավորված պատերազմը բորբոքելու, դրանում պարտվելու և Արցախը հանձնելու համար։ Այժմ, երբ Արցախը յուրացնելուց հետո Բաքուն նորանոր պահանջներ է դնում Հայաստանի առաջ ու սպառնում նոր ագրեսիայով, ինչից Փաշինյանը կարող է իշխանություն կորցնել, նա ձգտում է օր առաջ ստանալ Էրդողանի հովանավորությունը։ Հենց սրա համար էլ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցը դուրս են բերում Հայաստանի արտաքին քաղաքականությունից, իսկ ցեղասպանության թեման առհասարակ դուրս են բերում հանրային գիտակցությունից։

Փաշինյանը Հայոց ցեղասպանության հարցին վերաբերվեց որպես էժանագին լրատվամիջոցի ոչ պակաս էժան խմբագիր․ գտավ խնդիրը, բարձրացրեց թեման իր շահը կորզեց ու դեն նետեց այն։

Ձեզ գուցե հետաքրքրի