Ռուս-ադրբեջանական հարաբերություններում նկատվող լարվածության ֆոնին՝ ադրբեջանական կողմը հրաժարվել է Ռուսաստանին արտահանձնել Բաքվում ձերբակալված ռուս դատավար Ելենա Խախալևային։ Վերջինիս Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն մեղադրում է խարդախության մեջ և նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել։
Ռուս դատավորը ձերբակալվել էր Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում։ Հունվարի 24-ին դատարանը նրան կալանավորել էր 40 օրով, սակայն բողոքը քննարկելուց հետո վերջինիս խափանման միջոցը փոխվել է։ Ռուսաստանի կողմից խարդախության մեղադրանքով հետախուզվող Խախալևան հանձնվել էր ոստիկանության հսկողությանը։
Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը նշեց՝ ակնհայտ է, որ վերջին շրջանում փորձում է միջազգային հանրության աչքում որոշակի հակառուսական դիրքավորում ստանձնել՝ հաշվի առնելով այն միտումները, որոնք տեղի են ունենում ռուս-ադրբեջանական հարաբերություններում։ Նրա խոսքով՝ ռուս դատավորին չարտահանձնելու որոշումը կարելի է դասել նման դրսևորումների շարքին։
«Թեև մյուս կողմից պետք է նշել, որ Ադրբեջանը և Ռուսաստանը ունեն որոշակի տարաձայնություններ՝ կապված նոր իրավիճակում Ադրբեջանի դերի հետ՝ Ռուսաստանի համար։ Հասկանալի է, որ Ադրբեջանը դարձել է այնպիսի մի ուղի, որը Ռուսաստանին հնարավորություն է տալիս շրջանցել պատժամիջոցները, հատկապես էներգակիրների տարանցման հարցում։ Այստեղ, ըստ ամենայնի, Ադրբեջանը կարծում է, որ Ռուսաստանի կողմից իրենց հասանելիք վճարը բավարար չէ, և Ռուսաստանն ամենակարևորը՝ պետք է ճանաչի Ադրբեջանը՝ որպես տարածաշրջանային հեգեմոն պետություն, կամ պետություններից մեկը, որը համարժեք է Իրանին, Թուրքիային և հենց իրեն, ինչը Ռուսաստանը չի անում և այս պատճառով էլ Ադրբեջանը բավականին լուրջ տարաձայնություններ ունի»,- ասա նա՝ նշելով, որ ռուս դատավորին չարտահանձնելու որոշումն առավելապես կապված է իր հիշատակած քաղաքական շարժառիթների հետ։
Oragir.News-ի հարցին՝ կողմերին կհաջողվի՞ այս լարվածությունը հաղթահարել, թե՞ դա ավելի կխորանա՝ քաղաքագետը պատասխանեց, որ տարաձայնությունները միայն Ադրբեջանի և Ռուսաստանի միջև չեն, շարունակեց՝ դրանք ունեն շատ լայն աշխարհաքաղաքական համատեքստ։ Նրա խոսքով՝ դրանց հարթվել-չհարթելու հարցը չի լուծվում միայն Բաքվում և Մոսկվայում․ «Այստեղ շատ գործոններ կան, որոնցից գլխավորներից մեկն էլ ռուս-ուկրաինական հակամարտությունն է, թե ինչպիսի զարգացումներ տեղի կունենան այնտեղ։ Ուստի՝ խոսել այն մասին, որ կհարթվի այս տարաձայնությունը կամ չի հարթվի, դեռևս շատ շուտ է»։
Ռոբերտ Ղևոնդյանը կարծում է՝ Հայաստանը ոչ մի կերպ չի կարող օգտվել ռուս-ադրբեջանական հարաբերություններում ստեղծված վիճակից, քանի որ երկու պետությունների հետ կապված էլ ՀՀ-ն ունի իր տարաձայնությունները, որոնք այս իրողության արդյունքում ո՛չ մեղմանում են, ո՛չ ուժգնանում։
«Ես չեմ կարծում, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների սրումը որևէ կերպ կապված է Հայաստանի սահմաններին էսկալացիայի հետ։ Ընդհակառակը՝ մեզ համար վտանգավոր է Ռուսաստանի և Ադրբեջանի չափից դուրս մերձեցումը, որի արդյունքում Ռուսաստանը կարող է Ադրբեջանը որպես պրոքսի ուժ օգտագործել Հայաստանի դեմ՝ ՀՀ-ից ինչ-որ բան ստանալու համար, բայց այս պահին այդ վտանգը նվազագույնն է»,- եզրափակեց նա։
Դավիթ Գույումջյան