«Դա Թուրքիայի 100 տարվա երազանքի մի մասն է՝ Թուրանի կազմավորման հետ կապ ունի։ Երբ Սովետական միությունը քայքայվեց, Թուրքիան իր առաջ մեծ շանս տեսավ՝ 70 տարի շարունակ սառեցված այդ խնդիրը կրկին օրակարգ բերելու համար»,-
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց թյուքագետ Տիրան Լոքմագյոզյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության կազմում թյուրքալեզու երկրների հետ համագործակցության հարցով հանձնաժողով ստեղծվել։

/Տիրան Լոքմագյոզյան, թյուրքագետ/
Թյուրքագետը շեշտում է՝ դեռևս 100 տարի առաջ երիտթուրքերն էին ցանկանում այդ ծրագիրը կյանքի կոչել, որի գլխավոր խոչընդոտը Հայաստանն էր։
«100 տարի հետո նորից Հայաստանը գլխավոր խոչընդոտն էր, բայց հիմա փորձում են կամաց-կամաց հաղթահարել այդ խոչընդոտը։ Երբ Սովետական միությունը քանդվեց, իրենք այդ ծրագիրն առաջ տանելու մեծ շանս տեսան և սկսեցին աշխատել․ սկզբնական շրջանում մի քիչ աճապարեցին ու չստացվեց, բայց հետո տեսան, որ կամաց-կամաց աշխատելով դա հնարավոր է իրականացնել։ Իրենք աշխատում են արդեն այդ ծրագրի վրա ու ԽՍՀՄ-ից անջատված թյուրքալեզու պետությունների հետ ծրագրեր են իրականացնում։ Դրանցից ամենակարևորը լեզվի ծրագիրն էր, հետո՝ առևտրական, ռազմական, հնէաբանական և այլ ծրագրեր էին առաջ տանում։ Թուրքիան այս ծրագրերի վրա միլիարդներ է ծախսում և դրանք բավականին հաջող առաջ են ընթանում, թեպետ դեռևս վերջնակետին չի հասել»,- նկատում է նա։
Լոքմագյոզյանի խոսքով՝ Թուրքիան դանդաղ, բայց հիմնական քայլերով շարժվում է այս ծրագրի իրագործման ուղղությամբ։ Ըստ նրա՝ այս ամենը, այդ թվում հանձնաժողովի ստեղծումը, հենց այդ իրողությամբ է պայմանավորված, որի միջոցով առաջ են տանում թուրք-իսլամական սինթեզի օրակարգը։
Oragir.News-ի հարցին՝ Հայաստանն ինչպե՞ս պետք է հակազդի այս ծրագրին, քանի որ այն նախևառաջ իր դեմ է ուղղված՝ Տիրան Լոքմագյոզյանը պատասխանեց, որ Հայաստանը ո՛չ հակազդելու կարողություն ունի, ո՛չ էլ այն կառվարությունն ու իշխանությունը ունի, որը կարող է հակազդել։ «Ընդհակառակը՝ արդեն քանի տարի է՝ մենք տեսնում ենք, որ ոչ թե հակադարձում են, այլ իրենց ամեն առումով օգնում են։ Այս պայմաններում՝ այսօրվա պայմաններում, Հայաստանը ոչ հակադարձելու նպատակ ունի, ո՛չ էլ ուժ։ Հայաստանը միայն այն ժամանակ կարող է հակադարձել, երբ ինչ-որ հզոր ուժի հետ ընկերություն կանի ու նախևառաջ կկարողանա իր սահմանները պաշտպանել»,- ասաց նա։
Տիրան Լոքմագյոզյանը հավելեց, որ այսօր Հայաստանը ճանապարհներ և միջանցքներ տալու մասին է խոսում, որը ոչ մի լավ տեղ չի տանելու։
Նշենք, որ Թուրքիայում ավելի քան 2 տասնամյակ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կազմում նոր մարմին է ստեղծվել, որը կոչվում է Թյուրքալեզու պետությունների հարցերով վարչություն։
Դավիթ Գույումջյան