Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է փետրվարի 26-ի միջազգային կարևոր լուրերը:
Վաղը Ստամբուլում կհանդիպեն Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների դիվանագետները՝ երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեությանը խոչընդոտող հարցերը քննարկելու համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Էր-Ռիադում փետրվարի 18-ին տեղի ունեցած ռուս-ամերիկյան բանակցություններից հետո կողմերը հայտարարեցին, որ պայմանավորվել են ջանքեր գործադրել՝ վերականգնելու դեսպանատների լիարժեք գործունեությունը։
Այս շաբաթասկզբին Լավրովը տեղեկացրեց, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն այս շաբաթ բանակցությունների ամբողջական փուլ կանցկացնեն՝ երկու երկրների դիվանագիտական առաքելությունների գործունեության հետ կապված խնդիրները լուծելու համար՝ նշելով, որ անցյալ շաբաթ այդ թեմայով տեխնիկական շփումներ են տեղի ունեցել։
«Այս շաբաթ տեղի կունենան լիարժեք խորհրդակցություններ, որոնք, հուսով եմ, կվերացնեն վերջին տարիներին կուտակված արհեստական խոչընդոտները»,- ասել էր Լավրովը։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է վիզային նոր ծրագրի մասին․ 5 միլիոն դոլարով հնարավոր է ստանալ Նահանգներում ապրելու և աշխատելու իրավունք։
Դոնալդ Թրամփը այն անվանել է «Ոսկյա քարտ» և ընդգծել․ «Մենք կվաճառենք այդ ոսկյա քարտը՝ շուրջ հինգ միլիոն դոլարով, դա կտա նույն՝ «Գրին քարտի» առավելությունները և գումարած այն, որ այն ճանապարհ է դեպի քաղաքացիություն։ Ունևորները կարող են գալ մեր երկիր՝ գնելով այդ քարտը»։
Միացյալ Նահանգների նախագահը չի թաքցրել, որ սա բյուջեի դեֆիցիտը լրացնելու միջոց է և չի բացառել, որ դրանից կօգտվեն նաև ռուս ներդրողները։
Մանրամասները՝ տեսանյութում: