Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է փետրվարի 19-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ․
Այսօր Ամենայն հայոց բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին՝ Լոռվա Դսեղ գյուղում: 2008 թվականից սկսած Թումանյանի ծննդյան օրը հայտարարվել է Գիրք նվիրելու օր: Փետրվարի 19-ը՝ որպես գիրք նվիրելու օր, սահմանվել է Հայաստանի գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ և Հայաստանի կառավարության որոշմամբ։
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվում է Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով: Այն ղեկավարելու է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Հանձնաժողովի կազմում են լինելու նաև ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի, Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահները, ինչպես նաև մի շարք նախարարությունների ղեկավարների տեղակալները,ՊԵԿ փոխնախագահը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալը, Արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալը: Բացի այդ, հանձնաժողովում կլինեն Զինված ուժերի գլխավոր շտաբի պետտ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդականը, Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարը:
Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը: 70-ամյա նախկին պաշտոնյան մեղադրվում է փողերի լվացման ու պաշտոնական լիազորությունների չարաշահման համար: Մեղադրանքն առնչվում է Գյումրիի պատմական «Սև բերդ» ամրոցի հարակից հողամասերի օտարմանը, որի շրջանակներում տնային կալանքի տակ է նախկին քաղաքապետի որդին՝ գործարար Խաչատուր Բալասանյանը: Նա, ըստ իրավապահների, կիրառված կոռուպցիոն մեխանզիմների շնորհիվ դարձել է հոր օտարած հողատարածքների վերջնական գնորդը: Բալասանյանների ընտանիքի շահերի պաշտպան Տիգրան Գրիգորյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է, որ իր վստահորդները մեղադրանքները չեն ընդունում, իսկ Սամվել Բալասանյանը արտերկրում է բուժման նպատակով, և երբ առողջական վիճակը թույլ տա, կվերադառնա ու կներկայանա նախաքննական մարմին:
Պատմությունը դասեր է տալիս, ոչ թե բեռ դառնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանը՝ մեջբերելով մի հատված՝ ֆինն պատմաբան Հենրիկ Մեյնանդերի «Երջանկության քաղաքական գինը. Ֆինլանդիայի պատմությունը» գրքից։ ««Ազգի անցյալի հանդեպ քննադատական կամ ապակառուցողական մոտեցումը չպետք է ենթադրի ազգային պատմությունից հրաժարում, ոչ էլ ազգային վերելքի ու անկման համար նախկինում նշանակալի համարվող պատմական գործընթացների կամ իրադարձությունների արհամարհում։ Պատմությունը դասեր է տալիս, ոչ թե բեռ դառնում, և որքան ավելի ազնվորեն ու պատասխանատվությամբ ենք վերաբերվում մեր անցյալին, այնքան ավելի ամուր հիմք ենք դնում մեր ապագայի համար»,- մեջբերել է Փաշինյանի քաղաքացիական կինը, նշելով՝ ուրախ է, որ Կրթվելընորաձևէ շարժման հանդիպման մասնակիցների հետ առիթ ունեցել են քննարկելու նաև այս թեման:
Մանրամասները՝ տեսանյութում: