Ռուսաստանի հերթական ֆիասկոն․ Թուրքիայի ձեռքերը հասել են Աբխազիայի հայերին
copy image url

Ռուսաստանի հերթական ֆիասկոն․ Թուրքիայի ձեռքերը հասել են Աբխազիայի հայերին

Արտաքին Ներքին Միտք 2 ամիս առաջ - 18:00 27-01-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Աբխազիայում ներքաղաքական լարվածության, ինչպես նաև թուրքական ներգրավվածության ֆոնին տեղի հայ համայնքը հայտնվել է չափազանց ծանր ու վտանգավոր իրավիճակում։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Աբխազիայի ընդդիմադիրները իշխանություն զավթելու ճանապարհին հայերին համարում են գլխավոր խոչընդոտը և ամեն կերպ ձգտում են վերացնել այն։ Մասնավորապես հաղորդվում է, որ վերջիններս Թուրքիայի աջակցությամբ «սև ցուցակներ» են կազմում և հայերի դեմ սադրանքներ նախապատրաստում։ Այս համատեքստում չի բացառվում, որ տեղի հայ բնակչության նկատմամբ առաջիկայում բռնությունների նոր ալիք սկսվի։

Հատկանշական է, որ Աբխազիայի թուրքամետ ընդդիմությունը սերտ կապերի մեջ է Թուրքիայում «Գորշ գայլերի» քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցության հետ, որի համակարգմամբ էլ իրականացնում է իր գործողությունները։ Հակահայկական ուղղվածությունը «Գորշ գայլերի» գործունեության առանցքային մասն է կազմում. դեռևս 44-օրյա պատերազմի օրերին այս կազմակերպության գրոհայինները ոչ միայն Արցախի դեմ ագրեսիային էին մասնակցում, այլև Արցախից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող եվրոպական երկրներում հայերի դեմ առանձին ճակատ էին բացել, հիմնականում մահվան սպառնալիքներով նամակներ ու զանգեր էին կատարում, հակահայկական ակցիաներ իրականացնում, Հայոց ցեղասպանության հուշարձանները պղծում և այլն։

Ներկայումս Աբխազիայում իրավիճակն այնքան մտահոգիչ է դարձել, որ ըստ որոշ տեղեկությունների՝ աբխազահայերը Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանի միջոցով դիմել են Հայաստանի իշխանություններին, որպեսզի նրանք դիմեն չճանաչված հանրապետության իշխանություններին՝ խնդրելով աբխազահայերի անվտանգությունն ապահովելու նպատակով լրացուցիչ միջոցներ ձեռնարկել։ Տեղեկություններ կան նաև, որ ՀՀ իշխանությունները աբխազական կողմի հետ շփումներից խուսափում են, ու Հայաստանը որոշակի ուղերձներ փոխանցում է ոչ պաշտոնական մակարդակով, սակայն առկա խնդիրները լուծելու առումով դրանք բավարար չեն։ Սա էլ ավելի է բարդացնում աբխազահայերի իրավիճակը, ինչպես նաև մեծացնում նրանց առաջ ծառացած անվտանգային ռիսկերը։

Լայն առումով Աբխազիայում ստեղծված իրավիճակը ռուս-թուրքական հարաբերություններում Ռուսաստանի հերթական ֆիասկոն է, ինչպես նաև վերջինիս նկատմամբ Թուրքիայի հերթական հաղթանակը։ Փաստացի վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումների հետևանքով Թուրքիային արդեն հաջողվում է միջամտել Ռուսաստանի ազդեցության գոտում տեղի ունեցող զարգացումներին՝ սպասարկելով սեփական օրակարգերն ու մեծացնելով սեփական ազդեցությունը։

Ռուսաստանի թուլացման հետևանքով Թուրքիայի ձեռքերը հասել են նաև Աբխազիայի հայ համայնքին, որի համար անվտանգային չափազանց լուրջ խնդիրներ են ստեղծվել։ Այս իրավիճակում աբխազահայությանը միայնակ թողնելն անընդունելի է, և Հայաստանի իշխանությունները պետք է գործադրեն հնարավոր բոլոր միջոցները՝ աբխազահայերի անվտանգությունն ապահովելու նպատակով։ Եթե պաշտոնական Երևանը Թբիլիսիի հետ հարաբերությունները չվտանգելու համար խուսափում է աբխազական կողմի հետ ուղիղ շփումներից, ապա դա կարող է անել Մոսկվայի միջոցով, որը ինչպես տեղում մեծ ազդեցություն ունի, այնպես էլ քաղաքական մակարդակով ի զորու է զսպելու Թուրքիայի ախորժակը։ Այս նպատակով էլ Հայաստանը պետք է խուսափի Ռուսաստանի հետ առճակատման գնալու փորձերից ու կարգավորի երկկողմ հարաբերություններում առկա լարվածությունը, իսկ նման փորձեր ՀՀ իշխանություններն արդեն կատարում են։

Հավելենք նաև, որ Աբխազիայում հայերի թիվը, ըստ տարբեր տվյալների, կազմում է 41.900-67.000 մարդ կամ երկրի բնակչության 17.4-31%-ը։

Դավիթ Գույումջյան

Ձեզ գուցե հետաքրքրի