Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, դեկտեմբերի 30-ին
գրառում էր արել, որը դուրս էր մնացել հանրային ուշադրությունից նախաամանորյա տրամադրությունների պատճառով։ Նա նշել էր, թե ինչքան շատ դիտումներ ունեն իր և ամուսնու՝ Նիկոլ Փաշինյանի, էջերում, ինչից էլ ենթադրել էր, որ գուցե սա նշանակում է շատ կոնկրետ գաղափարների հաղթանակ շատ կոնկրետ երևույթների նկատմամբ։
Բերված օրինակները մեկը մեկից անիրական, կեղծ ու զավեշտալի են։ Դրանք ցույց են տալիս Փաշինյանի ապապետական, մակերեսային, սիրողական երբեմն՝ տգետ մոտեցումները քաղաքական, մշակութային, սոցիալ-հոգեբանական խնդիրների նկատմամբ։
Օրինակ՝ զարմանալի է, որ նրանք տոնում են «Իրական Հայաստանի գաղափարի հաղթանակը մտքի մորմոքի, անիրականի, ցանկալիի նկատմամբ»։ Այս առումով՝ անկեղծ կլիներ, եթե ասեին «Պատերազմում խայտառակ պարտվածի հաղթանակը ժողովրդի նկատմամբ»։ Այս ձևակերպումը լիովին կհամապատասխաներ իրականությանը։
«Հարստացիր և հարստացրու գաղափարի հաղթանակը անհույս աղքատության նկատմամբ» տողի կողքին կարելի էր նշել, թե ինչքան պարտքեր է ավելացրել Հայաստանը, ինչպես են կեղծել գործազրկության իրական պատկերը, ինչքան է վատանալու քաղաքացու սոցիալական վիճակը տրանսպորտի առաջիկա թանկացումից հետո։
Զարմանալի է, որ «Բարության հաղթանակը չարության նկատմամբ» և «Սիրո հաղթանակը ատելության նկատմամբ» ասոցիացնում են իրենց հետ։ Բազմաթիվ, այդ թվում՝ միջազգային կառույցներ նշել են, որ ՔՊ-ն ատելության խոսույթ է գեներացնում, իսկ հանրության մի մասը Փաշինյանին համարում է չարիքի մարմնավորում։
Պարզապես շշմելու է Աննա Հակոբյանի գրած՝ «Ավանդական արժեքների հաղթանակը պիղծ «արժեքների» նկատմամբ» և «Հայկական բարքերի հաղթանակը օտարածին բարքերի նկատմամբ» տողերը։ Մարդկային երևակայությանը հասու չէ, թե ինչպե՞ս կարող արժեքը, նույնիսկ չակերտների մեջ, պիղծ լինել։ Իսկ ՔՊ-ամերձ շրջանակները ինքնահաստատվել են հայկական բարքերը ծաղրելով, օտարածին բարքեր խրախուսելով։ Ինչու՞ են այսպես շրջում իրականությունը։
Ապշեցուցիչ է «Ռաբիզի (պարզի, հասանելիի, հասկանալիի) հաղթանակը կեղծ էլիտայի նկատմամբ» տողը։ Խորհրդային բռնազավթման տարիներին ռաբիզ երաժշտություն լսողներ շատ կային, ինչն ազդում էր նրանց վարքաբանության վրա, ու նրանց ևս անվանում էին ռաբիզ։ Իսկ կեղծ էլիտա ասում էին սովետական նոմենկլատուրային։ Այդքան անճաշա՞կ է Փաշինյանը, որ իրեն ասոցիացնում են ռաբիզի հետ։ Թե՞ ուզում են ռաբիզին նոր իմաստ հաղորդել ու խրախուսել անճաշակության հանրայնացումը։ Եվ ի՞նչ է կեղծ էլիտան։ Արդյո՞ք նկատի ունեն հանրային այն հեղինակություններին, որոնք չեն քծնում Փաշինյանին կամ հրաժարվում են նվիրատվություն անել ՔՊ-ին։ Եթե այդպես է, ապա սա լուրջ մարտահրավեր է ժողովրդավարության դեմ։
Եվ վերջապես՝ «Հասարակի հաղթանակը քաղքենիի նկատմամբ»։ Սա տգետ արտահայտությունն է, քանի որ քաղքենին խորհրդանշում է հասարակը։ Հայտնի է, որ Ֆրանսիական Մեծ հեղափոխությունից առաջ Ֆրանսիայում կար երեք դասակարգ՝ հոգևորականներ, ազնվականներ և քաղքենիներ։ Վերջիններս կազմում էին բնակչության մոտ 90 տոկոսը։ Դրանք ազատ մարդիկ էին, որոնք աշխատում, բարիք էին ստեղծում ու հարկեր վճարում։ Ազնվականները պճնվում էին, թանկարժեք զգեստներ, պարիկներ կրում, իսկ քաղքենիները հասարակ էին հագնվում, ժուժկալ կյանք վարում։ «Մարդ լինել և ապրել ինչպես բոլորը»՝ սա է եղել քաղքենիների հավատամքը։
Նշենք նաև, որ «քաղքենի» բառն իմաստափոխվել է խորհրդային բռնազավթման տարիներին, սովետական տաղանդավոր մտավորական Արմեն Հովհաննիսյանի՝ «Գարուն» ամսագրի 1968 թվականի 11-րդ համարում (էջ-51-56) «Իսկապես, ի՞նչ է նշանակում լինել քաղքենի» հոդվածի ազդեցությամբ։ Սովետական պարագլուխների պատվերով գրված այս սուտ հոդվածի հեղինակը մարդկային բոլոր բացասական որակները մեկտեղել է մեկ կերպարի մեջ ու անունը դրել «Քաղքենի», հռչակելով նրան սոցիալիստական հասարակության ներքին թշնամի։ Այս տարիներին Արևելյան Եվրոպայում ազգային ազատագրական հեղափոխությունների և ապստամբությունների հրդեհ էր։ Երևանում ցույցեր էին։ Եղեռնի հուշարձանն էր բացվել։ Հիմնադրվել էր ԱՄԿ-ն, որի նպատակը Հայաստանի անկախությունն էր։ Մոսկվան վախենում էր, որ հեղափոխությունների կրակը կարող էր նաև բուն սովետական տարածք հասնել։ Դրա համար են հորինել ներքին թնամու կերպարը, որ պառակտեն հասարակությունը։ Ցավոք՝ Փաշինյանն այս բաները չգիտի, քանի որ քաղաքականությամբ լրջորեն չի հետաքրքրվում։
Կա նաև ավելի խորը մտահոգություն կապված Աննա Հակոբյանի վերը նշված գրառման հետ։ Ենթադրելի է, որ միտումնավոր են Փաշինյանին ասոցիացնում բարության, լույսի, ազնվության, առաքինության հետ, նպատակ հետապնդելով աղավաղել ու կեղծել այս բաների մասին հանրային պատկերացումները։ Եվ եթե վաղը հայտնվի իրական բարին, ազնիվը, առաքինին, նրա խոսքին ոչ ոք չի հավատա, ու նրան ոչ ոք չի հետևի, կարծելով, թե Փաշինյանի նման մեկն է և աղետներ է բերելու պետության ու ժողովրդի գլխին։
Պարզ ասած՝ Փաշինյանի կնոջ այս գրառումը հիմք է տալիս ենթադրելու, որ 2025-ը լինելու է ոչ թե կրթվելու, այլ Փաշինյանի հովանավորությամբ ապապետական, հակամշակութային, հակակրթական խոսույթի տարի, որի ժամանակ Փաշինյանն անկեղծ, բարի ձևանալով՝ ավելի է մոլորեցնելու հանրությանը, ավելի մեծ սխալներ են գործելու, դրանից բխող անցանկալի հետևանքներով։
Թաթուլ Մկրտչյան