Թռչունները Գոհար Գասպարյանին սովորեցրել են երգել, իսկ նա թռչուններին՝ ծլվլալ․ Հայաստանի սոխակի 100-ամյակն է
copy image url

Թռչունները Գոհար Գասպարյանին սովորեցրել են երգել, իսկ նա թռչուններին՝ ծլվլալ․ Հայաստանի սոխակի 100-ամյակն է

Մշակույթ 4 ամիս առաջ - 20:32 14-12-2024
«Երգելն իմ կյանքի գլխավոր իմաստն է, իմ գոյության նպատակը, եւ ես ապրում եմ հանուն իմ արվեստի։ Իմ հավատամքն է ոչ թե զարմացնել, այլ հուզել»,- մի առիթով ասել է հայ երգի սոխակը՝ Գոհար Գասպարյանը։

1924 թվականի դեկտեմբերի 14-ին ծնվել է օպերային արվեստի հայ մեծ վարպետ, քնարակոլորատուրային սոպրանո, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, սոցիալիստական աշխատանքի հերոս Գոհար Գասպարյանը։

Այսօր մեծանուն երգչուհին կդառնար 100 տարեկան։



Իսկ նրա վաղաժամ ծնունդը տագնապելու տեղիք էր տալու ծնողներին՝ ֆլեյտային տիրապետող Միքայել հորը, որ եղել էր Կոմիտասի սաներից, մորը՝ հայոց լեզվի ուսուցչուհի Արուսյակին, Խաչատրյանների ընտանիքի մյուս անդամներին ու հարազատներին: Բանն այն է, որ այն ժամանակների բժշկությունը դեռևս անկարող էր ապահովել անհաս նորածինների առողջությունը: «Չի ապրի, երեխան չափից շատ նվազ է ու թույլ»,- մորմոքում էին նրանք:

Միակ հավատացողը տատն էր լինելու. «Կապրի ու բոլորիս հպարտությունը կդառնա»: Եվ նրա կանխազացումը երիցս էր ճշմարիտ, քանզի ճակատագիրը նորածնին ի սկզբանե առանձնակի առաքելություն էր վերապահել:

Դեռ տասը չբոլորած` երաժշտասեր ընտանիքում ծնված աղջնակը սկսում է երգել Կահիրեի հայոց եկեղեցում, իսկ նախնական կրթությունն ստացել էր՝ հաճախելով Գալուստյան ազգային վարժարան, այնուհետև սովորել Կահիրեի երաժշտական ակադեմիայում:



1948 թ-ին Գոհար Գասպարյանը հայրենադարձվել է։

Նա անմիջապես գրավեց հայաստանյան արվեստասեր հասարակության սիրտը։ Երիտասարդ երգչուհուն հատկապես բարձր է գնահատել Ավետիք Իսահակյանը՝ հռչակելով Հայաստանի սոխակ։ «Թռչունները Գոհար Գասպարյանին սովորեցրել են երգել, իսկ նա թռչուններին՝ ծլվլալ»,-ասել է Իսահակյանը։

Մի անգամ ակադեմիայի առաջին նախագահ Հովսեփ Օրբելին բաժակ է բարձրացնում՝ ի պատիվ Հայաստանի սոխակի… Հետո, ինչ-ինչ անհասկանալի հանգամանքներից ելնելով, վեճ է ծագում գիտնականների միջեւ։ Հենց այդ պահին Գոհարը բարձրանում է աթոռին եւ իր կոլորատուրային սոպրանոյով հնչեցնում «Հայաստան, երկիր դրախտավայրը»։ Առաջին հնչյուններից հետո կրքերը հանդարտվում են։ Այդ ժամանակ Օրբելին երկրորդ անգամ է բաժակ բարձրացնում՝ ի պատիվ երգչուհու ու ասում. «Ահա ձեր առջեւ կանգնած է հայ երգի Օրփեոսը, որն իր տաղանդով սանձեց այս ամբոխը»։



1988-ի Սպիտակի ողբերգական երկրաշարժից հետո Գասպարյանը չկարողացավ անցնել իր ժողովրդի վշտի կողքով և խոստացավ, որ հոնորարի առյուծի բաժինը տալու է բարեգործությանը: Նա ընդգրկված էր ԽՍՀՄ-ում ամենաբարձր վարձատրվող երգիչների հնգյակում:

Նա չէր վախենում արտահայտել իր տեսակետներն ու դիրքորոշումը, ինչի ապացույցն է հյուրախաղերի ժամանակ Թուրքիայում տեղի ունեցած դեպքը, երբ այդ երկիրը նշում էր Քեմալ Աթաթուրքի մահվան տարելիցը։ Անկարայում խորհրդային դեսպանատնից ծաղիկներ էին բերել՝ ասելով, որ Գոհար Գասպարյանը պետք է դրանք դնի Աթաթուրքի գերեզմանին։ Երգչուհին քաղաքավարիորեն հրաժարվել էր և փոխարենը մեկնել Վանա լիճ։