Վրաստանում դատարանները մերժում են ընտրությունները չեղարկելու հայցերը
copy image url

Վրաստանում դատարանները մերժում են ընտրությունները չեղարկելու հայցերը

Արտաքին 5 ամիս առաջ - 22:30 07-11-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Թբիլսիիի վերաքննիչ դատարանն այսօր մերժել է մի շարք վրացական հասարակական կազմակերպությունների` հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղարկելու մասին հայցերը։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունը։

Վրաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պնդում էին, որ ընտրությունների ընթացքում խախտվել է քվեարկության գաղտնիության սկզբունքը։ Ակտիվիստների պնդմամբ՝ այն թղթի որակը, որի վրա տպվել էին քվեաթերթիկները, թույլ էր տալիս անգամ ծալած վիճակում տեսնել, թե ում օգտին են քվեարկել ընտրողները։

Նշվում է, որ Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը այս մեղադրանքները կտրականապես հերքել է։

Ավելի վաղ Վրաստանի շրջանային դատարանը 30 ընտրատեղամասերում չեղարկել էր խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ քվեարկության գաղտնիության խախտման պատճառով։

Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով՝ հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքներով հաղթել է Վրաստանը 2012 թվականից կառավարող «Վրացական երազանք» կուսակցությունը՝ հավաքելով 53.9 տոկոս ձայն։ Անցողիկ շեմը հաղթահարել են նաև ևս չորս ընդդիմադիր կուսակցություններ, որոնք հրաժարվում են ճանաչել ընտրությունների արդյունքները՝ նշելով, որ մտադիր չեն վերցնել մանդատները։

Ընդդիմությունը ներկայումս կազմակերպում է բողոքի ակցիաներ։