Բյուջեն ներկայացնելու ժամանակ Նիկոլ Փաշինյանի էժան պոպոլիզմը վկայում է, որ տնտեսությունը շատ վատ վիճակում է։ Վրդովվեցուցիչ է, որ կառավարության ղեկավարը, մի կողմ թողնելով տնտեսության իրական խնդիրներն ու մարտահրավերները, «բանաձևեր» է առաջարկում, որոնք տնտեսության հետ հեռավոր առնչություն չունեն, ինչ-որ առումով՝ ծաղր են։
Փաշինյանական այս պոպոլիզմը ցույց է տալիս, որ տնտեսության վերաբերյալ բովանդակային տեքստ չունեն, վախենում են բովանդակային քննադատությունից։ Հավելյալ ապացուցվեց, որ ՔՊ-ն տնտեսական քաղաքականության հայեցակարգ չունի, փաստացի՝ շարունակելու է սպասարկել է ռուսական հետարքրությունները ԵԱՏՄ շրջանակում, այն շաղախելով էժան պոպուլիզմով, որ կարողանա թաքցնել ճշմարտությունը։ Դիվերսիֆիկացման հարցում առաջընթաց չկա։ Հայտնի չեն տնտեսության զարգացման առաջնահերթությունները, սկզբունքները, թիրախները, իդեալը։ Համընդհանուր բարեկեցության հասնելու ճանապարհային քարտեզ, նույնիսկ ուրվագիծ չկա։ Այս ամենի բացակայությունն է, թերևս, պատճառը, որ վարչապետը տնտեսական քաղաքականության հետ կապ չունեցող, ընդհանրական բաներ է խոսում, կիրառում բարբառային բառեր, փոխաբերական արտահայտություններ, ի ցույց դնելով այս ասպարեզում իր սակավագիտությունը։
Իրերն իրենց անուններով կոչելը գիտակարգային խոսքի տարրական նորմ է։ Օրինակ՝ դեղատոմսում, դատարանի վճռում, ցանկացած այլ ճշգրիտ տեքստում ամեն բառն ունի կոնկրետ նշանակություն, ավելորդություններ չի կարելի գրել, առավել ևս փոխաբերական, խորհրդանշանական կամ բարբառային արտահայտություններ։ Բյուջեն ճշգրիտ փաստաթուղթ է։ Խորհրդանշական բառեր և փոխաբերական արտահայտություններն ընդունված է կիրառել գրականության մեջ, առասպելներում, ավանդազրույցներում, էպիկական ժանրի տեքստում, բայց ոչ գիտակարգային, ճշգրիտ տեքստում, այդ թվում՝ պետական բյուջեի նախաբանում։ Պետական բյուջեն ընտանեկան բյուջեի հետ կարելի է համեմատել գրականության մեջ, առասպելում։ Այս առումով՝ վիրավորական է, որ վարչապետը բյուջեն, նրա հայեցակարգը ներկայացնելու փոխարեն խորհրդանշանական բաներ է խոսում, հետո երեսով տալիս, որ պետությունը ժողովրդին ախատավարձ, թոշակ է տալիս։
33 տարի Հայաստանում կառուցում են քաղաքացիական հասարակություն, քաղաքացիական արժեքներ ու սկզբունքներ են արմատավորվել։ Սովետահպատակն ու սոցիալիստական հասարակություն կառուցողները վաղուց պատմության գրկում են։ Նահապետական բարքերին վաղուց փոխարինել են օրենքները, քաղաքացիական և քաղաքակրթական արժեքները։ Եթե Փաշինյանն այս ամենը գիտի, ապա ենթադրելի է, որ նա միտումնավոր իջեցնում է նշաձողը, շրջանցում Հայսատանի պետության և քաղաքացիական հասարակության գոյության փաստն ու պետական բյուջեն համեմատում ընտանեկան բյուջեի հետ։ Կարճ ասած՝ ճշգրիտ տեքստում չի կարելի պետական բյուջեն համեմատել ընտանեկան բյուջեի հետ։ Դրանք տարբեր բաներ են։
Իրականությունից կտրված ու վիրավորական է նաև փաշինյանական «Հարստացիր և հարստացրու» բանաձևը։ ՀՀ-ում աղքատները մոտ 24 տոկոս են կազմում պաշտոնական տվյալներով։ Գործազրկությունն աղետալի չափերի է։ Աշխատելու, բարիք ստեղծելու փիլիսոփայություն չկա։ Աշխատանքի շուկան բարձիթողի է։ Հազարավոր բուհավարտներ աշխատում են ոչ իրենց մասնագիտությամբ։ Բուհ-տնտեսություն կապ չկա։ Սխալ քաղաքականության հետևանքով արտաքին մեծ ներդրումներ չկան, մեծ գործարաններ չեն բացվում։ Կայուն աշխատավարձ ստացող Պետական աշխատողները կարող են հարստանալ միայն կոռուպցիայով։ Աշխատանքի իրավունքները անխնա ոտնահարվում են ՔՊ-ական վարչարարների կողմից, հարյուրավոր գործեր են տարիներով քննվում դատարաններում աշխատանքի իրավունքի ոտնահարման փաստերով։ Այս ողբալի իրավիճակում «Հարստացիր և հարստացրու» բանաձևը ծաղր է ժողովրդի մեծ մասի՝ աղքատների, գործազուրկների, ցածր աշխատավարձով աշխատողների հասցեին։
Իսկ մտահոգիչն այն է, որ եթե Փաշինյանը իրականության հետ աղերս չունեցող բաներ է ասում, ջղաձիգ խոսում բյուջեն ներկայացնելուց առաջ, նշանակում է՝ նա կոնկրետ գիտի, որ տնտեսության վիճակը վատ է, զարգացման պոտենցիալ չկա, ճանապարհները չեն բացվելու 2025-ին, արտաքին մեծ ներդրումներ չեն սպասվում, ՀՆԱ-ն և ազգային համախառն երջանկության համաթիվը չեն աճելու։
Կարճ ասած՝ տնտեսությունը փոսից հանելու, ոտքի կանգնեցնելու, ընդհանուր բարեկեցություն ապահովելու ծրագիր իրականացնելու ունակ չէ Փաշինյանը։ Եվ, թերևս, այդ էր պատճառը, որ ըստ էության խոսելու փոխարեն՝ նա հոկտեմբերի 28-ին բանաձևված դասեր էր տալիս պատգամավորներին։
Թաթուլ Մկրտչյան