Հողը մեր հենարանն է, որ պինդ կանգնենք և զգանք մեր գլխից բարձր․ Մուշեղ Գալշոյանի հիշատակի օրն է
copy image url

Հողը մեր հենարանն է, որ պինդ կանգնենք և զգանք մեր գլխից բարձր․ Մուշեղ Գալշոյանի հիշատակի օրն է

Մշակույթ 6 ամիս առաջ - 22:06 15-10-2024
«... Ինքը և՛ հողեղեն էր, և՛ հրեղեն: Մարութա սարից պոկված ամպի մի ծվեն էր, եկավ, իր հետ մեծ կարոտ բերեց ու հիշեցրեց, որ Մարութա սարին դեռ ցավի ու նաև ամոթի ամպեր կան... Ինքը մահկանացուների պես չմեռավ, այլ ուղղակի ետ գնաց Էրգիր, Ագռավաքարի մոտ սպասում է...»,- գրող Վրեժ Սարուխանյանը այսպես է բնութագրել իր գրչընկերոջը՝ Մուշեղ Գալշոյանին։

Այսօր գրող Մուշեղ Գալշոայանի հիշատակի օրն է։

Գալշոյանը ծնվել է ու մեծացել Հայաստանի Թալինի շրջանում, բայց նրա մեջ մինչև կյանքի վերջը շատ ուժեղ մնաց սասունցի լինելու գիտակցությունը։ Նրա ծնողները սասունցի փախստականներ էին, որոնք Արևելյան Հայաստան հասնելով, բնակության վայր ընտրեցին Թալինը։ Հայրը կորցրել էր առաջին ընտանիքը կոտորածների ժամանակ։

Եվ նրանց որդին, հաղթահարելով խորհրդային իշխանությունների արգելքը, իր ստեղծագործություններում գրում է կորսված Էրգրի կարոտի մասին։ Գրում է այնպես, կարծես մանկությունն անցկացրել է այդ լեռներում ու զգացել է տեղահան լինելու ցավը։

Բանաստեղծ Վահագն Դավթյանն իր հուշերում պատմում է Մուշեղ Գալշոյանի հետ ունեցած առաջին տպավորիչ հանդիպման մասին․

«Շատ հանդիպումներ ու զրույցներ եմ ունեցել հետը, բայց հանդիպումից երկուսը խորն են տպավորվել իմ մեջ։

Եթե չեմ սխալվում, 1965 թ․ գարնանն էր։ Վիգեն Խեչումյանը, որ երիտասարդ գրողներ հայտնաբերելու և նրանց հովանավորելու հատուկ կիրք ու ձիրք ուներ, մի կապուտաչյա, խարտիշահեր երիտասարդի հետ մտավ «Գրական թերթի» խմբագրություն։ Սպասածիս հակառակ՝ չասաց, թե իր ուղեկիցը տաղանդավոր գրող է, ասաց միայն, թե նա մի զարմանալի երգ գիտի, Սասնա հին մի երգ, ու կուզեր, որ լսեի։



-Երգի՛ր, Մուշե՛ղ․․․

Երիտասարդը կարմրեց, կարկամեց, բայց Վիգենի խրախուսող հայացքի տակ մաքրեց կոկորդն ու մեղմ, խուլ ձայնով երգեց․

Սուլթան կուզե, ջնջել մզի,
Զարթիր, լաո, մըռնիմ քզի․․․

Եվ որքան առաջ էր գնում երգը, կապուտաչյա, խարտյաշ երիտասարդի ձայնը այնքան առնականանում ու մետաղյա զնգոց էր ստանում։

Եվ Մուշեղն ինձ համար նույնացավ այդ զարմանակի, առնական, մետաղի զնգող ունեցող երգի հետ»։



Մուշեղ Գալշոյանի հերոսները պարզ, սրտաբաց, բարի, ուժեղ ու մի քիչ խենթ սասունցիներ են, որոնք, անցնելով եղեռնի դժոխքի, հայրենիքի կորստի միջով, փորձում են նոր կյանք սկսել։ Գալշոյանի ստեղծագործություններում միշտ առկա է կորստի ցավը, բայց նա երբեք դրա վրա չի դնում շեշտը, այլ, սիրո, արժևորման, կարոտի։

«Հողը մեր ոտքերի տակ է ոչ թե տրորելու համար, այլ որպես հենարան, որ պինդ կանգնենք և մեր հենարանը զգանք մեր գլխից բարձր: Տրված է ոչ թե տրաքվելու չափ կշտանալու և փառք վաստակելու համար, այլ ի պահ` չծնվածների: Հողի այսօրվա տված հացը մերն է, իսկ հողը` չծնվածներինը»,- վստահ էր Գալշոյանը։

1980 թ․ այս օրը ավարտվեց գրողի երկրային ուղին։

Գալշոյանը Որսորդմիության անդամ էր դարձել, որ հրացան ունենար։ Այդ օրը դուրս էր եկել բնության գիրկ, հրացանը դրել էր գետնին, հետո հիշել էր, որ ֆիդայական օրենքով այն սրբություն է, գետնին չի կարելի դնել։ Վերցրել էր հրացանը, որ դներ ծնկներին, հրացանի ձգանը մացառներին էր կպել և կրակել գրողի վրա։