Բացառիկ ցուցադրություն, որտեղ անցյալն ու ներկան կհանդիպեն՝ միավորվելով մայրական կենսատու գրկում։ Հայաստանի պատմության թանգարանն այս վերտառությամբ է
ներկայացնում ակնկալիքներն Անահիտ աստվածուհու ցուցադրությունից։
Առաջին անգամ՝ սեպտեմբերի 21-ին, ՀՀ անկախության օրվա տոնական միջոցառումների շրջանակում, Բրիտանական թանգարանի մշտական ցուցադրության մեջ ներկայացված Սատաղղից գտնված և Անահիտ աստվածուհուն վերագրվող հայտնի բրոնզե արձանից պահպանված գլուխը ու ձեռքը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում՝ «Մայր Աստվածություն. Անահիտից մինչև Մարիամ» խորագրով ցուցահանդեսի շրջանակում: Այն կցուցադրվի տասնյակ տարբեր ժամանակաշրջաններին պատկանող մայրության թեմային վերաբերող հնագիտական, ազգագրական, դրամագիտական, արվեստի ցուցանմուշների հետ համադրությամբ։
Անհասկանալի է, թե ինչու է Հայաստանի պատմության թանգարանը կարծում, որ Անահիտ աստվածուհու արձանի բացառիկ ցուցադրության ժամանակ անցյալն ու ներկան կհանդիպեն՝ միավորվելով մայրական կենսատու գրկում։ Գուցե թանգարանի ղեկավարությունը չի կարողացել գնահատել ցուցադրության պատմական ու մշակութային նշանակությունը և ցուցադրության վերնագիր է ընտրել ժամանակի մեքենայի գովազդին արժանի արտահայտություն։
Մեկ այլ վարկածով՝ թանգարանի ղեկավարությունը, հավանաբար, կարծում է, թե Անահիտի արձանի ցուցադրությունը զուտ մայյրության գաղափարի քարոզ է և միտումնավոր է ստվերում նրա գիտական նշանակությունը։