Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. քաղաքապետ Տիգրան Ավինյան
copy image url

Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. քաղաքապետ Տիգրան Ավինյան

Ներքին 7 ամիս առաջ - 15:00 07-09-2024
Սեպտեմբերի 6-8-ը Երևանը կարդալու է. գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնը միավորել է գրքասերներին, ընթերցողներին ու հրատարակիչներին:

Երևանի քաղաքապետարանը երկրորդ տարին անընդմեջ ստանձնել է փառատոնի գլխավոր հովանավորի դերը: Փառատոնի հիմնադիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը համոզմունք է հայտնել, որ այս երեք օրերի ընթացքում երևանցիներն ու քաղաքի հյուրերը կունենան գրատոնը վայելելու բոլոր հնարավորությունները:

«Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին: Շատ հաճախ իրենք հենց նույն անձինք են: Գրքի արժեքը գնահատող մարդն է, որ հոգատար կարող է լինել իր քաղաքի, բակի, շենքի նկատմամբ և, իհարկե, ներդաշնակ ու համերաշխ՝ իրեն շրջապատող մարդկանց հետ: Գրքի անսահման բարիքից օգտվողն է, որ կարող է զարգացնել քաղաքն ու ապրեցնել այն: Այս առումով շատ ուրախ եմ, որ փառատոնը ևս մեկ առիթ է՝ գրքի և մեր սիրելի քաղաքի անբաժանությունը խորհրդանշելու համար»,-նշել է քաղաքապետը:

Գրքի և ընթերցանության հանրահռչակմանն ուղղված Երևանի քաղաքապետարանը տարբեր ծրագրեր է իրականացնում: Քաղաքի գրադարանների համար էլ շուրջ 40 մլն դրամի գրքեր են ձեռք բերվել:

Գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնի շրջանակում նախատեսված է 32 միջոցառում: Գրքի տոնավաճառ՝ 20-40% պարտադիր զեղչով՝ Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանի պատմության թանգարանի կամարաշարում, գրական մրցույթ, թատերական ներկայացումներ ու տարաբնույթ այլ միջոցառումներ. բոլոր միջոցառումների մուտքն ազատ է: