Անասելի մեծ է ՀՀ մայրաքաղաք Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնելու պատասխանատվությունը։
Այս մասին երդմնակալությանը հաջորդած ելույթում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Ամենօրյա աշխատանքով պետք է հոգալ մեկ միլիոնից ավելի բնակչություն ունեցող քաղաքի մասին, որի խնդիրները բազմազան են, որոշ դեպքերում հրատապ և անհետաձգելի, երբեմն նաև երկարաժամկետ լուծում պահանջող։
Ընդունելով այս լանջաշղթան՝ ընդունում եմ Երևանի նախկին ու ներկա դժվարություններն ու մարտահրավերները, գիտակցելով այն ոչ որպես բեռ, այլ պատվի և պատասխանատվության, աշխատանքի ու առաքելության մանդատ։
Շնորհակալ եմ ինձ վստահելու համար և ի պատասխան վստահեցնում եմ՝ անելու եմ հնարավորն ու անհնարինը, որ Երևանը լինի մարդկանց համար հարմարավետ քաղաք, որ Երևանցին իր խնդիրներով ու ցանկություններով կիսվի մեզ հետ՝ համոզված լինելով, որ բարձրաձայնված խնդիրները կլուծվեն ՝ հիմքում դնելով հանրային շահը որպես սկզբունք»,- ասաց նա։
Ավինյանը ընդգծեց, որ բարեփոխումների այն ծրագիրը, որ առաջարկել են իրենք, նախատեսում է Երևան քաղաքի համաչափ զարգացում։
«Քաղաքը հարմարավետ կլինի բոլոր երևանցիներին՝ տարեցներին, երեխաներին, հատուկ կարիքներ ունեցող մարդկանց, ինչպես նաև քաղաքի հյուրերի և զբոսաշրջիկների համար։
Քաղաքապետարանի ծառայությունները բարելավելու նպատակով մենք հաշվի ենք առնում քաղաքացիների բողոքները, նկատառումները, ինչպես նաև խրախուսում ենք մասնակցայնության բարձրացում, որով էլ մեր քաղաքը հնարավորինս կնմանվի մեր՝ երևանցիներիս, պատկերացրած երազանքների քաղաքին։ Երևանը մարդիկ են, ովքեր ապրում են մեր քաղաքում և բախվում են այն բոլոր խնդիրներին, որոնց բախվում ենք մենք բոլորս, քաղաքը չպետք է անհարկի հոգսերով ծանրաբեռնի իր քաղաքացուն։ Երևանում շրջող մարդը պետք է ներդաշնակ լինի իրեն շրջապատող միջավայրի հետ, Երևանը պետք է լինի մարդկանց համար քաղաք, իսկ քաղաքն այդպես կարող է դառնալ մի պարզ սկզբունք պահպանելով՝ հանրային շահի գերակայությունը անհատական շահի նկատմամբ»,- ասաց Տիգրան Ավինյանը։
Վերջինս նշեց, որ կարևոր է ունենալ անվտանգ Երևան և թվարկեց, թե ինչ քայլեր են անելու այդ ուղղությամբ։
«Մեր մայրաքաղաքի անձնագիր համարվող սեպագիր արձանագրության դիմաց վստահեցնում եմ, որ ծառայել ու ծառայելու եմ Երևանին ու երևանցուն, քանի որ Երևանը առաջին հերթին մարդիկ են»,- ասաց նա։