Իսպանիան մայիսի 28-ին կճանաչի Պաղեստինի անկախությունը. վարչապետ
copy image url

Իսպանիան մայիսի 28-ին կճանաչի Պաղեստինի անկախությունը. վարչապետ

Արտաքին 10 ամիս առաջ - 12:47 22-05-2024
Իսպանիան մայիսի 28-ին կճանաչի Պաղեստին պետությունը։ Այս մասին հայտարարել է վարչապետ Պեդրո Սանչեսը՝ Մադրիդում Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսում (Խորհրդարանի ստորին պալատ) իր ելույթի ժամանակ։ Հեռարձակումն իրականացվել է Cadena SER ռադիոկայանի կայքում։


«Հաջորդ երեքշաբթի՝ մայիսի 28-ին, Իսպանիան Նախարարների խորհրդում կհաստատի Պաղեստին պետության ճանաչումը»,- ասել է Սանչեսը։

Նշենք, որ այսօր Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն հայտարարել էր, որ իր երկիրը պաշտոնապես ճանաչում է Պաղեստինը որպես պետություն։

«Մերձավոր Արևելքում խաղաղությունն անհնար է, քանի դեռ չկա ճանաչում», - ասել է նա՝ մանրամասնելով, որ սկանդինավյան երկրի որոշումն ուժի մեջ կմտնի երեքշաբթի՝ մայիսի 28-ին։

Վերջին շաբաթներին Եվրամիության մի քանի երկրներ հայտարարել են, որ մտադիր են ճանաչել Պաղեստինը` պնդելով, որ երկու պետությունների ստեղծմամբ լուծումն անհրաժեշտ է տարածաշրջանում կայուն խաղաղության համար:

Ապրիլի վերջին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Պաղեստինը մինչև մայիսի վերջ կճանաչվի ԵՄ մի քանի երկրների կողմից։