Պաշտոնական Անկարան արձագանքել է Իսրայելի կողմից Գազայի Ռաֆահ քաղաքում իրականացվող ցամաքային գործողությանը․ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Իսյարելի կողմից Պաղեստինի տարածքում իրականացվող գործողությունները։
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը Իսրայելին մեղադրել է ծայրահեղականության և ցեղասպան քաղաքականություն վարելու մեջ:
«Նախագահը (Ռեջեփ Թայիփ Էրդողանը-խմբ․) միջազգային հանրության կողմից Իսրայելի մեկուսացման ուղղությամբ վճռական քայլեր է անում: Սա էլ իրական պատճառն է այն բանի, որ որոշ իսրայելցի քաղաքական գործիչներ անհարգալից կերպով և անհիմն պնդումներով թիրախավորում են Թուրքիային և Էրդողանին:
Ծայրահեղական Իսրայելի կառավարության ցեղասպան քաղաքականությունն արդեն վերածվել է սպառնալիքի թե՛ պաղեստինցիների և թե՛ իսրայելցիների համար»,- նշվել է գրառման մեջ:
Թուրքիայի ԱԳՆ-ն Իսրայելին նաև մեղադրել է պաղեստինցիների նկատմամբ «ռասիստական և անարդար քաղաքականություն» վարելու համար:
Հիշեցնենք` Ստամբուլում կայացած «Աշխարհի մուսուլման գիտնականների խորհրդակցություն-ժողով»-ի բացման արարողությանը ունեցած ելույթում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բոլոր երկրներին կոչ է արել ճանաչել Պաղեստին պետությունը։