Կուզեմ, որ իմ վերջին շունչս ալ երգ մ’ըլլա․ այսօր Պետրոս Դուրյանի ծննդյան օրն է
copy image url

Կուզեմ, որ իմ վերջին շունչս ալ երգ մ’ըլլա․ այսօր Պետրոս Դուրյանի ծննդյան օրն է

Մշակույթ 10 ամիս առաջ - 20:28 20-05-2024
«Երիտասարդ ըլլալ և երգե՜լ, ծեր լինել և աղոթե՜լ։ Այս է կյանքը։ Ա՜հ, գեղեցիկ կյանք մ’ալ կա. Սերն է այդ. Երգե՜լ, աղոթե՜լ ու սիրե՜լ»։ Երգեց Դուրյանը, և այնքան սրտամոտ ու ջերմին էր նրա երգը, այնքան առինքնող, որ դադարեց սոսկ անձնական ցավի ու տառապանքի երգ լինել, այլ դարձավ բոլորինս, բայց ցավոք, կարճ եղավ նրա կյանքը, չսիրեց, չաղոթեց, այլ միայն ըմբոստացավ ու կռիվ տվեց Աստծո դեմ։

Այսօր արևմտահայ պոեզիայի վաղամեռիկ հանճար, «Սկյուտարի սոխակ» Պետրոս Դուրյանի ծննդյան օրն է։

«Ապրելու և սիրվելու իրավունքով ծնված բանաստեղծը միայն կյանքի «սև կաթը» ըմպեց, բայց երբեք չդավաճանեց իր քնարն ու վեհ կոչման։ Իր մեծ նախորդ Սայաթ-Նովայի նման «զայրացավ», բայց երբեք չանիծեց»,-այսպես է բնորոշել Դուրյանին Ամենայն հայոց բանաստեղծը։

Ինքնակենսագրականում Դուրյանն ասում է, որ «հայրը օրական հաց ճարող, բայց պատվավոր երկաթագործ մ՛է»։ Հայրը՝ Աբրահամը, եղել է դարբին։ Սկզբում նրա գործերը վատ չէին գնում։ Քանի դեռ ընտանիքը սակավանդամ էր, նա կարողացավ խնայողություններ անել, գնեց երկհարկանի փայտաշեն մի տուն։ Բայց հիսունական թվականների վերջերից վիճակը փոխվեց։ Եվրոպան Պոլիս էր արտահանում էժան ապրանքներ։ Երկաթագործի պատրաստած իրերը այլևս չէին սպառվում, իսկ ընտանիքը բազմանում էր։ Օրվա հացը ճարելու համար հայրը ստիպված էր սենյակները վարձով տալ։ Հաճախ էլ լինում էր գինետանը՝ օղու բաժակում խեղդելու հոգսերը։ Լինելով խիստ՝ նա նաև անչափ բարի ու ուսումնասեր մարդ էր։ Կրտսեր տղան՝ Եղիշեն, վկայում է. «Իր աղքատ վիճակին մեջ 70 ղրուշ բառարանի ստակ տվավ։ Կրթություննիս անոր կը պարտինք»։

Մայրը՝ Արուսյակը, բարեպաշտ կին էր, ձեռքից վայր չէր դնում ձեռագործը կամ գուլպան։ Նա շատ էր տառապել։ Տակավին օրիորդ, կորցրել էր քույրերին և եղբայրներին, հետագայում՝ երկու աղջկան (2 տարեկան և 6 տարեկան) և երկու տղային։ Պետեկը (այսպես էին անվանում նրան տնեցիները) մոր հետ շատ էր կապված, նրանից գրեթե անբաժան էր։ Նրա հետ եկեղեցի էր գնում, նրա փեշերի տակ թաքնվում, երբ վախենում կամ անծանոթ մարդ էր տեսնում։ Հետագայում «Թատրոն կամ թշվառներ» թատերախաղի մեջ գրեց հետևյալ ինքնակենսագրական տողերը. «Երբ մանուկ էի, խաղալիք չունենալով՝ մորս գուլպա հյուսած ատեն կծիկովը կը խաղայի, երբ խելահաս եղա՝ բազմոցին տեղ տախտակամածին վրա փռած հին գորգի մը վրա կը նստեի, երբ պատանի եղա՝ շատ-շատ անգամ արցունքս մորմես ծածկելով կուտեի ցամաք հացը»։



1857 թվականին` 6 տարեկանում, Դուրյանը դարձել է Սկյուտարի ճեմարանի ձրիավարժ աշակերտ։ Ճեմարանում ուսումնառության առաջին տարիներին աչքի չի ընկել առաջադիմությամբ։ Նա կանոնավոր հաճախում էր դասերին, բարեխղճորեն կատարում հանձնարարությունները։ Ճեմարանն ավարտեց գերազանց և նվեր ստացավ Լամարթինի մի հատորը, որից հետո միանգամից փոխադրվեց Զ կարգ, ուր դարձավ ավագ եղբոր՝ Հարությունի դասակիցը։ Այդ դպրոցում որպես ուսուցիչ պաշտոնավարել է հայ մեծանուն երգիծաբան Հակոբ Պարոնյանը, որն անչափ սիրել է Դուրյանին և խոր ազդեցություն թողել նրա վրա։

Թերևս հենց Պարոնյանն էլ նրան կապեց իր մեծ սերերից մեկին՝ թատրոնին։ Թատրոնում նա ճանաչեց կյանքը, կռիվ տվեց այդ կյանքում իր տեղը գտնելու համար, սիրեց, հիասթափվեց․․․ Թատրոնը կյանք էր, որը, ցավոք, կամաց-կամաց մարում էր․․․

«Երկնքի հիվանդությունը» բույն էր դրել կրծքի տակ։ Դուրյանը լավ գիտեր, թե ինչպիսին է լինելու իր վախճանը․ չէ՞ որ իր ձեռքերի մեջ մահացել էր ընկերը՝ Վարդան Լյութվյանը։ Դուրյանն ըմբոստացավ իր ճակատագրի դեմ, սակայն ոչինչ այլևս փոխել հնարավոր չէր․․․

«Արդյոք ինչ պիտի ըսեն ինձ գերեզմանեն անդին. «Ահա թշվառ երիտասարդ մը, որ աշխարհ եկավ և միայն իր մեռնիլն զգաց ու մեռավ»»,-միամտորեն կարծում էր բանաստեղծը։

Ապրում վաղամեռիկ բանաստեղծն իր երկնային կյանքը, ջերմացնում իր ընթեցողների սրտերը․․․