Պետրոս Մալայանի գույների կախարդական աշխարհում կենդանանում են հայ նկարչության լավագույն ավանդները։ Նրա ձեռքի տակ ոգի է առնում ամեն ինչ՝ քաղաքի աղմուկն ու գյուղական խորհրդավոր լռությունը, կանացի մարմինն ու առհասարակ բնության աստվածատուր գեղեցկությունները։

Այսօր ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Պետրոս Մալայանի հիշատակի օրն է։
Քանդակագործ Ղուկաս Չուբարյանը մի անգամ Մալայանի արվեստի մասին ասել է․ «Ապրելով սոցռեալիզմի ժամանակաշրջանում՝ այնուամենայնիվ նա ազատ էր»։

Այդ մտքի ազատ թռիչքն էլ ծնունդ էր տվել Մալայանի շուրջ 300 գործերին։
Նրա արվեստում հատկապես եզակի երևույթ էին ջրաներկերը, որոնք բացառիկ էին ողջ Խորհրդային Հայաստանի գեղարվեստական կյանքում (20-րդ դարի երկրորդ կեսին), երբ հայ նկարիչների մեծամասնությունը ընտրում էր յուղաներկը որպես նյութ:
Կյանքի մի շրջանում Մալայանը տարված էր նաև գրքի գրաֆիկայով։ Նա է նկարազարդել Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազարը»։

Նկարիչն աշխատել է նաև «Սասնա ծռեր» էպոսի գրքի գրաֆիկայի վրա, սակայն անհայտ պատճառներով աշխատանքը կիսատ է մնացել, և նկարները երբևէ որևէ հրատարակությամբ չեն տպագրվել։

Լինելով Երեւանի գեղարվեստի ինստիտուտի դասախոսական կազմի հնագույն (1951-1993) անդամներից՝ Պետրոս Մալայանը դասավանդել է ուսանողների երեք սերունդներին. նրա ժամանակակիցները վկայում են նկարչի նվիրվածությանը ուսւմնական ընթացքի ֆունդամենտալ մոտեցմանը՝ մասնավորապես ակադեմիական գծանկարին։ Անցնելով Լենինգրադի ակադեմիայի գծանկարի դպրոցը՝ նա պահանջում էր իր աշակերտներից օգտագործել գտծանկարը որպես տեսողական վերլուծության գործիք։

Մի առիթով լրագրողների հետ զույցում ասել է․ «Ես որոնում եմ ներքին ճշմարտությունը, որը վախենում է անցողիկ նորաձևություններից։ Արվեստը գալիս է սրտից, կապված է հոգու հետ։ Ես էմոցիոնալ մարդ եմ։ Ուզում եմ, որ արվեստը ճշմարիտ լինի։ Իհարկե, միջավայրը ազդում է ինձ վրա, բայց ես քամելեոն չեմ, չեմ կարող փոխել իմ գույները»։
Օվսաննա Իսրայելյան