Հայ կինոյի հսկան․ այսօր Համո Բեկնազարյանի ծննդյան օրն է
copy image url

Հայ կինոյի հսկան․ այսօր Համո Բեկնազարյանի ծննդյան օրն է

Մշակույթ 11 ամիս առաջ - 19:59 19-05-2024
«Եթե ինձ անցյալում ասեին, թե կանցնի մի քանի տարի, և իմ հայրենիքում կինոարտադրություն կստեղծվի, ես դա անկեղծորեն պատրանք կհամարեի։ Մինչդեռ անձամբ ինձ վիճակվեց ակտիվ մասնակցություն ունենալ ազգային կինոարվեստի ստեղծմանը Հայաստանում»,-այս մասին մի առիթով խոստովանել է հայ կինոդերասան և կինոռեժիսոր Համո Բեկնազարյանը։

Այսօր Բեկնազարյանի ծննդյան օրն է։



1926թ նկարահանել է հայկական առաջին գեղարվեստական ֆիլմը` «Նամուսը»։ Ականավոր ռեժիսորի թողած ստեղծագործական վիթխարի ժառանգությունից կարելի է դատել, որ նա անսահման հնարավորություններ ուներ դրսևորելու իր տաղանդի ահռելի ուժը։ Դրա վառ ապացույցն այն էր, որ 1920-ականներին ընդունել է Հայաստանի կառավարության հրավերը, քաջ տեղյակ լինելով, որ այնտեղ կինոարտադրության և ստեղծագործական գործունեության համար նույնիսկ նվազագույն հիմքեր չկան։

Բեկնազարյանը, համադրելով հայ դերասանական դպրոցի և գրականության բնորոշ առանձնահատկությունները, սկզբնավորել է կինեմատոգրաֆիայի ազգային ոճը։ Այդ սկզբունքը կինոռեժիսորը զարգացրել է իր հնչուն կինոնկարներում. դրանցից առաջինը «Պեպո» (1935 թ.) ֆիլմն էր, որը թեմայի խորությամբ, վառ արտահայտչականությամբ և կինոպատումի հզոր ոճով երևույթ էր նաև համաշխարհային կինոարվեստում։



«Պեպոյի» շուրջ միավորվեցին ժամանակի երեք հանճարները՝ Բեկնազարյան, Խաչատրյան, Չարենց․․․

Չարենցը մեծ դեր խաղաց կինոնկարի սցենարի ստեղծման և մշակման գործում: Սցենարի առաջին տարբերակում Պեպոն երգի տեքստ չի ունեցել, սակայն կերպարն ամբողջացնելու, պատկերն ավելի հստակ ներկայացնելու համար Համո Բեկնազարյանն առաջարկում է երգ գրել:



Արվեստագիտության դոկտոր Սարգիս Մելիքսեթյանը, որն այդ տարիներին ղեկավարում էր «Հայկինոյի» սցենարական բաժինը, վկայում է, որ ռեժիսորի և կոմպոզիտորի ցանկությամբ Պեպոյի երգի տեքստը գրել առաջարկվում է Եղիշե Չարենցին․ «Բանաստեղծը սիրով համաձայնվեց: Երբ ստացանք տեքստը, այն հանձնարարեցինք նկարահանվող խմբին»:

Իսկ մինչ այդ Արամ Խաչատրյանն արդեն սկսել էր գրել կինոնկարի երաժշտությունը:



Վերջինս գրում է.« Համո Բեկնազարյանը առաջարկեց գրել «Պեպոյի երգի» երաժշտությունը, ես նախապես չունեի երգի տեքստը: Ասաց, որ տեքստը գրում է բանաստեղծ Եղիշե Չարենցը:
Ես լսել էի Չարենցի մասին և ծանոթ էի նրան, ուստի և առանց տարակուսանքի սկսեցի գրել երաժշտությունը»:

Չարենցի ստեղծած տեքստն իր ոճով ձուլվեց կոմպոզիտորի երաժշտությանը:

Ֆիլմի նկարահանման օրերին Համո Բեկնազարյանը գամված էր անկողնուն։

«Իմ հիվանդությունը (սուր ռադիկուլիտ) սպառնում էր տապալել կինոնկարի արտադրությունը: Բնական պայմաններում նկարահանումների բաշխման ճշգրիտ պլան, թատրոնի դերասանների հետ կապը թույլ չէին տալիս ընդհատել աշխատանքը, թեկուզ նվազագույն ժամկետով, որ անհրաժեշտ էր իմ ապաքինման համար:



Հաշվի առնելով վիճակի անելանելիությունը, ես համառորեն պնդեցի աշխատանքն արագորեն ծավալել, քանի որ մեծ հույսեր ունեի, ավելի ճիշտ վստահ էի իմ խմբի ուժերի վրա: Կազմը շատ կուռ էր»,-հիշում է Բեկնազարյանը:

Ֆիլմը նկարահանվել է սինխրոն, համոզված էին․ համաժամանակյա նկարահանումը հնչյունային ֆիլմիվրա աշխատանքի լավագույն եղանակն է: Նախ, այդ դեպքում չկա ձայնի այն կտրվածությունը, որ ստացվում է լիաձայն հնչեցնելիս՝ տոնիրովկայի ժամանակ, և երկրորդ, պահպանվում է դերասանի հուզականությունը, ինչը չի կարող լինել տոնիրովկայի ժամանակ, երբ դերասանը հարկադրված է հետևելու իր արտաբերությանը, և վերջապես, մոնտաժի ժամանակ բազմապատիկ թեթևանում և արագանում է աշխատանքը:

«Նկարահանումները Թբիլիսիում համընկան այն պահին, երբ Հավլաբարի (քաղաքի հին մասի անվանումն է) տեղական կոլորիտը սկսել էր արագ և անշեղորեն անհետանալ: Թվում էր, այդ հին, գույներով և կերպարներով պայծառ կոլորիտը, արագորեն հավաքվում է, մի ինչ-որ կենդանի բանի պես, և հեռանում: Հեռանում է առանց կանգ առնելու, ինչպես ջուրն է հոսում ճաքած ամանից:



Հարկավոր էր շտապել, ներթափանցել և զգալ այդ կոլորիտը, ամեն բանի ուշք դարձնել, ամեն բան հիշել, ճշմարտացի պատկերելու համար ժապավենի վրա Սունդուկյանի ժամանակների կյանքը, որ այժմ վերջնականորեն անցյալ է դառնում: Ես սկսեցի քայլել հին քաղաքում, Մայդանում, Հայկական բազարում, Արծաթի կրպակաշարքերով և նկատում էի, թե ինչպես է ամեն օր ինչ-որ բան անհետանում»,-գրում է Բեկնազարյանը:

Չնայած տարբեր դժվարություններին՝ հայ առաջին հնչյունային ֆիլմը իրողություն դարձավ։ «Պեպոյով» սկսվեց հայ կինոարտադրության նոր փուլը, որի ակունքներում կանգնած է տաղանդավոր կինոռեժիսորը․․․