Ինչո՞ւ է ՔՊ-ն ստվերում 2020-ի և 2022-ի ազգային հերոսներին 
copy image url

Ինչո՞ւ է ՔՊ-ն ստվերում 2020-ի և 2022-ի ազգային հերոսներին 

Միտք Ներքին 11 ամիս առաջ - 09:00 17-05-2024
44-օրյա պատերազմն ու 2022-ի ագրեսիան, թեև ողբերգական ավարտ և աղետալի հետևանքներ են ունեցել պետության և ժողովրդի համար, սակայն այդ ամենը հիմք չի տալիս, որ մոռացության մատնվեն պատերազմների այն մասնակիցները, որոնք սխրանքներ են գործել, արժանացել բարձրագույն պարգևների։ Հատկապես մտահոգիչ է ազգային հերոսի կոչում ստացածների նկատմամբ հանրային անտարբերությունը։

2020 թվականին տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնուրացության և անմնացորդ նվիրումի համար գնդապետ Վահագն Ասատրյանը (հետմահու), գնդապետ Թաթուլ Ղազարյանը (հետմահու) արժանացել են «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչման, պարգևատրվել Հայրենիքի շքանշանով։

2022-ի ռազմական գործողությունների ժամանակ Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության և արիության համար զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը, գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը և գնդապետ Գարեգին Պողոսյանը արժանացել են «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչման, պարգևատրվել Հայրենիքի շքանշանով։

Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում բոլոր ուղերձներն ավարտում է «Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը» տողով։ Նա և մյուս ՔՊ-ականները պարբերաբար խոսում են պատերազմի վտանգի մասին, ընդգծում հանրային համերաշխության կարևորությունը, խրախուսում զինվորական մասնագիտություն ընտրողներին, նրանց խոստանում բարձր աշխատավարձ, դրամական պարգևներ, բնակարան և այլն։ Այս համատեքստում անհասկանալի է, թե ինչո՞ւ պաշտոնական քարոզչամիջոցները ստվերում են թողնում 2020-ի 44-օրյա պատերազմի և 2022-ին ՀՀ-ի դեմ սանձազերծված ռուս-ադրբեջանական ագրեսիայի ժամանակ սխրանքներ գործած հայ հերոսներին, չեն խոսում նրանց սխրանքի մասին, ներկայացնում հերոսների կյանքի էջերը, ամբողջացնում հերոսի կերպարը։ Այս կասկածելի անգործությունը առաջ է բերում մի շարք ենթադրություններ։

Ենթադրելի է, որ ՔՊ-ական իշխանությունը գաղտնի պայմանավորվածություն ունի Մոսկվայի և Բաքվի հետ և նրանց պահանջով է ստվերում հերոսներին։ Այսպիսով՝ ցույց են տալիս, թե ընդունում են պարտությունը և չեն մտածում ռևանշի մասին։ Հերոսների մասին պատումները կարող են ոչ միայն հայրենասիրական ոգի ներշնչել մարդկանց, այլև վրեժով լցնել մարդկանց սրտերը, ռևանշի մղում արթնացնել։ Եվ այս ամենը հաշվի առնելով ու ՔՊ-ական իշխանությունների հրահանգով, հանրային միջոցներով կամ իշխանամերձ օլիգարխների միջոցներով սնվող քարոզչամիջոցներն ու ստուդիաները, ֆիլմարտադրողները այս հերոսների մասին հաղորդումներ, ֆիլմեր չեն պատրաստում ու ներկայացնում ժողովրդին։

Մեկ այլ ենթադրությամբ՝ այս ամենը բացատրվում է ՔՊ-ական հակագաղափարական մոտցումներով։ Նրանց մի մասն անթաքույց պսևդոպրագմատիկ վերաբերմունք են ցուցաբերում պետությանն ու հայրենիքին, հորինովի հակասություններ կառուցում իրական և պատմական հայրենիքների միջև, ծաղրի ենթարկում հայրենասիրական կառույցները, խաղաղության քարոզի շրջանակում ներշնչում պարտվողական տրամադրություններ։ Այս տեսանկյունից՝ 2020-ի կամ 2022-ի հերոսները անցանկալի անձ են, նույնիսկ՝ մերժելի։

Ենթադրության կա նաև, թե ՔՊ-ական պաշտոնյաները ընկղմվել են ցինիզմի մեջ և նյութական հետաքրքրությունները վեր են դասում ոգեղենությունից։ Այս համատեքստում հերոսը, հերոսականությունը վերացական բաներ են դարձել նրանց համար։ Ուստի՝ հերոսներին անդրադառնալն ավելրոդ են համարում։ Պարզ ասած՝ փողն ավելի վեր են դասում, քան հասարակության հայրենասիրական դաստիարակությունը, որտեղ մեծ նշանակություն ունեն հերոսները, նրանց կյանքի և սխրանքների մասին պատումները և դրանց շուրջ հյուսվող լեգենդները։

Ավելին՝ մտահոգիչ է, որ 2020-ի 2022-ի հերոսներին մոռացության տալը կարող է վարակիչ դառնալ հասարակության համար։ Այսինքն՝ ընդդիմադիր կամ ազատ քարոզչամիջոցները նույնպես կարող են հետևել իշխանությունների օրինակին։ Այս դեպքում առաջ կգա սոցիալ հոգեբանական խնդիր, որը կարող է հանգեցնել արժեբանական ճգնաժամի և այլասերվածության տարածման։ Իսկ ինչպես հայտնի է պատմությունից, բազմաթիվ պետություններ են կործանվել արժեբանական ճգնաժամերի և այլասերվածության հետևանքով։ Հետևաբար՝ հերոսներին արժանվույն մեծարելն ու նրանց շուրջ լեգենդներ հյուսելը անվտանգային խնդիր է։ Այս տեսանկյունից՝ հերոսներին լուսանցքում թողնելը հակապետական արարք է, հղի աղետալի, կործանարար հետևանքներով։

Կարճ ասած՝ եթե ունենք պետության հարատևության հույս, ապա առաջնային խնդիրներից մեկը հերոսների, այդ թվում 2020-ի 44-օրյա պատերազմի և 2022-ի կարճատև պատերազմի հերոսների շուրջ լեգենդներ հյուսելը պիտի լինի։

Թաթուլ Մկրտչյան