Ռորի Դոմմի այցը չուներ բովանդակություն. նրա հետ լուրջ թեմաներ չեն քննարկում
copy image url

Ռորի Դոմմի այցը չուներ բովանդակություն. նրա հետ լուրջ թեմաներ չեն քննարկում

Արտաքին Ներքին Խոսք 1 տարի առաջ - 21:15 11-01-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նախօրեին ընդունել է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության վարչության պետ Ռորի Դոմմին՝ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի ուղեկցությամբ։ Հայաստանի պաշտպանական գերատեսչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր։

Oragir.News-ը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով անդամ Տիգրան Աբրահամյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ հեռանկարներ ունի ՀՀ-ԵՄ գործակցությունը պաշտպանական ոլորտում։ Պատգամավորը ի պատասխան նշեց, որ այս հանդիպումների համատեքստում ոչ մի նոր որակ, կամ բովանդակություն ունեցող բան չի տեսնում։

Անդրադառնալով ՀՀ-ի և ԵՄ-ի միջև պաշտպանական համագործակցության հեռանկարներին՝ Աբրահամյանն ընդգծեց, որ խոսքը գնում է լիովին տարբեր ֆորմատների մասին, իսկ եվրոպացի պաշտոնյան, ով այցելել է ՀՀ և հանդիպում է ունեցել պաշտպանության նախարարի հետ, անգամ կոմպետենտ չի, ում այցը կարելի է վերլուծության ենթարկել։

«Օրինակ եթե այս հանդիպումը ՆԱՏՕ-ում բարձր պաշտոն զբաղեցնող գործչի հետ լիներ և բովանդակություն ունենար, միգուցե դա մեկնաբանելու կարիք լիներ, բայց այս ֆորմատի հանդիպումը չեմ կարծում, որ կարևոր իրադարձություն է, կամ դրա ընթացքում ինչ-որ բան է գրանցվել և կարելի է դրա համատեքստում գնահատել»,- ասաց նա։

Տիգրան Աբրահամյանը հավելեց նաև, որ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության վարչության պետի հետ անվտանգային լուրջ թեմաներ չեն քննարկում, որի հիման վրա էլ հնարավոր կլիներ եզրակացություններ անել։