Նախնական տեղեկություններով՝ Խարկովի հրթիռակոծության հետևանքով զոհեր չկան, բայց կան 8-10 վիրավորներ։
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը։
Մկրտչյանն ասաց, որ հյուպատոսարանի ամբողջ շենքը հրթիռակոծվել է և հայտնի չէ, թե ովքեր են վիրավորում ստացել, ինչ վիճակում են այս պահին։ Նրա խոսքով՝ մարդկանց հասցրել են դուրս բերել շենքից և տեղափոխել ավելի ապահով վայր։
«Այս պահին ամենաթեժ մարտերը գնում են Դոնեցկի, Խերսոնի մարզերում, Զապորոժիեում, Խարկովի մարզի հարավային մասում։ Մարտերի ինտենսիվությունը չի փոխվել»,-նշեց նա։
Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանի փոխանցմամբ` ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով հաստատված հայ զոհերը 65-ն են. նրանցից 22-ը խաղաղ բնակիչներ են, 43-ը՝ զինվորականներ։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Խարկովի կենտրոնում ռուսական զինված ուժերի զանգվածային հրթիռային հարվածի հետևանքով վնասվել է նաև այն շենքը, որտեղ գտնվում է Խարկովում Հայաստանի պատվավոր հյուպատոսությունը: