Քաղաքացին միայն փող պոկելու ռեժիմ է․ հունվարի 1-ից գույքահարկը կրկին կթանկանա
copy image url

Քաղաքացին միայն փող պոկելու ռեժիմ է․ հունվարի 1-ից գույքահարկը կրկին կթանկանա

Ներքին 1 տարի առաջ - 15:11 29-12-2023
2024 թվականի հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիները ավելի բարձր գույքահարկ կվճարեն։
2020 թվականի հուլիսի 25-ին էր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, ըստ որի 2021 թվականի հունվարի 1-ից սկսած մինչև 2026 թվականը գույքահարկը գնալով թանկանում է։

Անշարժ գույքի համար գանձվող հարկը՝ գույքահարկը, 2021 թվականից սկսած հաշվարկվում է տվյալ գույքի ոչ թե կադաստրային, այլ շուկայականին մոտարկված արժեքի հիման վրա։

Անշարժ գույքի սեփականատերերը 2021 թվականին վճարել են իրենց գույքահարկի 25%-ը, 2022 թվականին՝ 30%-ը, 2023 թվականին՝ 35%-ը, 2024 թվականին կվճարեն 50%-ը, 2025 թվականին՝ 75%-ը, իսկ 2026 թվականից կանցնեն ամբողջական վճարման՝ 100%-ին:

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցել է տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ։
«Ամբողջ աշխարհում գույքահարկը որպես այդպիսին չասենք՝ բարձր կամ ցածր է, այնքան է, որքան պետք է լինի։ Դա շատ կարևոր է պետական գործառույթների համար ֆինանսական ռեսուրսներ հավաքելու առումով։ Հանգամանքների բերումով Սովետական միության տարիներին մեզ մոտ անշարժ գույքը բաշխվել է ոչ արդյունավետ, բայց շուկայական տնտեսության պայմաններում անշարժ գույքը, կախված իր չափերից, իր ձևերից, պետք է ունենա համապատասխան արժեք։
Չեմ կարող ասել մակարդակը ճիշտ է ֆիքսված, թե ոչ, բայց որ ՀՀ-ում գույքահարկը պետք է թանկանար, անպայման»,- ասաց Վարդան Բոստանջյանը։

Ճշտող հարցին՝ կա՞ն ուսումնասիրություններ, թե այս փոփոխություններից հետո ի՞նչ պատկեր է առկա անշարժ գույքի շուկայում, տնտեսագետը պատասխանեց․

«Ոչ միայն ես չունեմ ուսումնասիրություն, այլև նման մոտեցում հանդես բերող օրենսդիրները ևս չունեն, և ամբողջ խնդիը հենց դրանում է կայանում։ Պետք է լինես մասնագետ, ունենաս հաշվարկներ, համակողմանիորեն հիմնավորումներ, և նոր փոփոխություներ իրականացնես, բայց դրանք չկան»։

Դիտարկմանը՝ ստացվում է, որ Կառավարությունը քաղաքացուց միայն գումար վերցնելու տերն է, առաջացող անհարմարություններն իրեն չեն հուզում, Բոստանջյանն այսպես արձագանքեց․

«Հայաստանում, այո։ Այստեղ փաստորեն քաղաքացին կարող է ասել՝ միայն փող պոկելու ռեժիմ է։ Գաղափարը արդյունավետ է, այլ բան, որ պետք է գաղափարը նյութականացնելու համար ունենադ համակողմանի հիմնավորումներ, իսկ դա այնքան բարդ գործ է, որ միայնակ հնարավոր չէ անել։ Մասնագիտական կազմակերպություն պետք է լինի, համալիր ուսումնասիրությունների ու հիմնավորումների արդյունքում միայն կարող ես նման բան անել։ Այս պարագայում ցանկացած քաղաքացի կարող է ասել՝ իմ տներն իմ ձեռքից ուզում են խլել։

Երբ մեկը ստանում է 3 միլիոն դրամ աշխատավարձ, իսկ մյուսը՝ 40․000 դրամ թոշակ, այս պարագայում խնդիրն այս ձևով լուծելը նշանակում է կացնահարել երևույթը։ Մարդիկ երկար տարիներ ապրել են այդ տանը, բայց հիմա ի վիճակի չեն այդքան գույքահարկ վճարել, ստացվում է, իենց տներից հանում և շպրտում ես դուրս»։