Ունենք մարդ, ով ավարտին կհասցնի գործընթացը. Ժաննա Անդրեասյանը՝ «Գոյ» թատրոնի նոր տնօրենի մասին
copy image url

Ունենք մարդ, ով ավարտին կհասցնի գործընթացը. Ժաննա Անդրեասյանը՝ «Գոյ» թատրոնի նոր տնօրենի մասին

Ներքին 1 տարի առաջ - 23:19 28-12-2023
Ինչպես հայտնի է, երեկ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի մամլո ասուլիսն էր, ինչի ընթացքում խոսվել է նաև «Գոյ» թատրոնի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին ԿԳՄՍ նախարարի հրամանով թատրոնի արդեն նախկին տնօրեն Սարգիս Արզումանյանն ազատվել է աշխատանքից, իսկ նրա փոխարեն նոր տնօրեն է նշանակվել Կարեն Սիմոնյանը, որի մասին կոլեկտիվում քիչ բան գիտեն։

«Թատրոնի նշանակված նոր տնօրենից միայն մեկ ինֆորմացիա ունենք. հասակը՝ 173 սմ»,- Oragir.News-ի հետ զրույցում նախօրեին հայտնել էր թատրոնի՝ աշխատանքից ազատված տնօրեն Սարգիս Արզումանյանը:

Նախարար Անդրեասյանը, խոսելով թատրոնի շուրջ ստեղծված իրավիճակի և նոր տնօրենի մասին, մասնավորապես նշել է. «Որևէ նորություն այս գործընթացի մեջ չկա. մենք գարնանից խոսում ենք այն մասին, որ «Գոյ» թատրոնի գործունեությունը որպես առանձին ՊՈԱԿ-ի չենք պատկերացնում, այլ պատկերացում ենք որպես առանձին ստեղծագործական միավորի Սունդուկյանի թատրոնի կազմում: Կառավարության համապատասխան որոշումներն ընդունված են: Ժամանակավոր պաշտոնակատարը փոխարինվել է, որովհետև չի իրականացրել Կառավարության որոշմամբ սահմանված պահանջները, ինչն ուղղակիորեն նշանակում է, որ այս պահին չի իրականացրել իր պարտականությունները, ինչն էլ հանդիսացել է պատճառ, որ մենք փոխարինենք և այնտեղ ունենանք մարդ, ով ավարտին կհասցնի գործընթացը»:

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել նորանշանակ տնօրեն Կարեն Սիմոնյանի հետ՝ պարզելու՝ ումից է ստացել կառույցը ղեկավարելու առաջարկը, որն է իր ընտրած քաղաքականությունը և արդյոք պատրաստվում է ստորագրել Կառավարության որոշումը, որը նախկին տնօրեն Սարգիս Արզումանյանը թատերախմբի հետ բողոքարկել էր դատարան:

Զանգին ի պատասխան՝ նորանշանակ տնօրենը նախ ներողություն խնդրեց, որ շտապում է թատրոն՝ ժողովի, և չի կարող պատասխանել մեր հարցերին, իսկ ավելի ուշ՝ մի քանի ժամ անց, նորից ներողություն խնդրելով, որ շտապում է պետռեգիստ, անջատեց զանգը՝ խոստանալով ազատվելուց հետո զանգել և քմծիծաղ տալով Oragir.News-ի հետ զրույցի վերջում հնչած այն մտահոգությանը, որ զանգից հետո համարը չի հայտնվի «սև ցուցակում» կամ չի դասվի «ձայն բարբառո անապատի» զանգերի շարքին:

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, չստանալով զանգ Կարեն Սիմոնյանից, Oragir.News-ը կրկին փորձեց զրուցել վերջինիս հետ, սակայն այդպես էլ չկարողացավ կապի դուրս գալ:

Նշենք, որ «Գոյ» թատրոնի նորանշանակ տնօրեն Կարեն Սիմոնյանը հանդիսավար է և աշխատում է Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում որպես դերասան: Արտաշատի թատրոնից մեզ հայտնեցին, որ վերջինս կշարունակի աշխատել թատրոնում՝ կես դրույք ծանրաբեռնվածությամբ։