Պետական իմպոտե՞նցիա․ ապօրինի վարկային կազմակերպությունները գրոհել են Ֆեյսբուքը
copy image url

Պետական իմպոտե՞նցիա․ ապօրինի վարկային կազմակերպությունները գրոհել են Ֆեյսբուքը

Ներքին 1 տարի առաջ - 18:40 28-12-2023
Վերջին շրջանում համացանցում բազմաթիվ վարկային կազմակերպություններ օգտատերերին օնլայն վարկ են առաջարկում։
Հատկապես Նոր տարվա նախաշեմին, երբ մարդկանց գումար է անհրաժեշտ, նման ծառայություն մատուցող կազմակերպությունները սոցիալական ցանցերում ակտիվ գովազդներ են տեղադրում և իբր շահավետ պայմաններով վարկեր առաջարկում։

Oragir.News-ը առանձնացրել է դրանցից մի քանիսը՝ Global Gredit, Ayo Credit, Aregak.am, UniCredit, Bank24.am, Finca Armenia, Kamurj։

Ի դեպ, բազմաթիվ կազմակերպություններ կան, որոնք Կենտրոնական բանկի կողմից չեն վերահսկվում։

Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից Oragir.News-ին փոխանցեցին, որ պարբերաբար հայտարարություններով են հանդես գալիս, քաղաքացիներին կոչ անում զերծ մնալ նման ծառայություններից։

«Կենտրոնական բանկը վերահսկում է միայն այն ընկերություններին, որոնց ինքը լիցենզիա է տրամադրել։ Իրենք միայն Ֆեյսբուքում հանդես չեն գալիս, այլև իրենց էջերով և էջում անպայման պետք է նշված լինի, որ կազմակերպությունը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից։

Մենք պարբերաբար քաղաքացիներին զգուշացնում ենք, որ օգտվեն միայն լիցենզավորված կազմակերպություններից, ծառայություններից։ Կայքի հենց առաջին էջում «Զգուշացում» բաժին կա, որտեղ տեղադրված են այդ հայտարարությունները և որը պարբերաբար թարմացնում ենք»,- փոխանցեցին ԿԲ-ից։

Մուտք գործելով ԿԲ պաշտոնական կայքի համապատասխան բաժինը` արձանագրեցինք, որ հոկտեմբերի 25-ի դրությամբ Կենտրոնական բանկի կողմից բացահայտված և առանց համապատասխան լիցենզիայի գործող կազմակերպությունների ցանկը գերազանցում է 200-ը։

«Նման դեպքերում մենք դիմում ենք իրավապահներին, քանի որ սա իրավապահների գործունեության ոլորտն է, որովհետև դա խաբեություն է, որը իրենք են հետաքննում։ Մենք էլ, երբ նման դեպքեր ենք արձանագրում, մեր համապատասխան կապուղիներով իրավապահ մարմիններին տեղեկացնում ենք այդ մասին, նրանք ևս պարբերաբար հանդես են գալիս զգուշացումներով, որ չօգտվեն չլիցենզավորված կազմակերպությունների ծառայություններից»,- ասացին Կենտրոնական բանկից։

Գերատեսչության պաշտոնական կայքում՝ «Ֆինանսական համակարգ և վերահսկողություն» բաժնում, տեղադրված են նաև ԿԲ-ի կողմից լիցենզավորված կազմակերպությունները։

ԿԲ-ն քաղաքացիներին կոչ է անում նման կազմակերպություններից օգտվելիս պարտադիր համոզվել, որ այն վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից։

«Օրինակ՝ մեկը նման ծառայություն է առաջարկում և ցույց է տալիս լիցենզիա, տեսնում եք, որ ամեն ինչ նորմալ է, Կենտրոնական բանկի անունն է նշված, բայց գուցե այն սարքած է, հորդորում ենք, որ անպայման մուտք գործեն մեր կայք և ստուգեն` նշված կազմակերպությունը մեր կողմից լիցենզավորվա՞ծ է, թե՞ ոչ։ Եթե կա ցանկում, ուրեմն վերահսկվում է, եթե չկա, ուրեմն խաբեություն է»,- ասացին ԿԲ-ից և որպես օրինակ նշեցին City Bike-ի օրինակը։

Նշենք, որ Ֆեյսբուքը գովազդի դիմաց Հայաստանի Հանրապետությանը հարկ է վճարում՝ ավելացված արժեքի հարկ։ Փաստացի Փաշինյանի իշխանությունն այդ փողին տեր է, բայց վերահսկողությանը՝ ոչ։

Oragir.News-ը կապ հաստատեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ` հետաքրքրվելով, թե արդյոք պետությունը կարող է վերահսկել այս կազմակերպությունների գործունեությունը, արդյոք նրանց տվյալները հասանելի են պետությանը։

«Վերահսկողություն չի կարող լինել, որովհետև Ֆեյսբուքում կարող են որպես անհատ գովազդ տեղադրել, և ոչ ոք չի տեսնի, թե ով է գովազդ դնում այդ էջում»։

Նշենք, որ Կենտրոնական բանկի կողմից լիցենզիա չունեցող վարկային կազմակերպությունների շարքում նաև հայկական «ам» դոմեն ունեցող կազմակերպություններ կան, որոնցից մի քանիսն ի դեպ ԿԲ կայքում տեղադրված են որպես չլիցենզավորված ընկերություններ։

Ի տարբերություն Ֆեյսբուքում օնլայն վարկեր առաջարկող կազմակերպությունների, դոմենով շատ ավելի հեշտ է կազմակերպությանը գտնելն ու պատասխանավտության ենթարկելը։

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով ևս, դոմենով ավելի հեշտ է անձին բացահայտելը, բայց այստեղ էլ խնդիր կա, քանի որ դոմենի գրանցումը 2 ձևով է արվում․

«Կամ գնում են ռեգիստրատորի մոտ, ով անձնագիր է վերցնում, կամ դա անում են օնլայն։ Օնլայն անելու դեպքում կարող են տվյալները կեղծել, օրինակ՝ այլ անուն տալ, բայց եթե պարզվում է, որ կեղծված են, կամ պետք է ճիշտ տվյալ տրամադրեն, կամ դոմենը պետք է արգելափակվի»։

Այստեղից կարող ենք հետևություն անել, որ պետությունը, շատ լավ գիտակցելով և արդեն բացահայտելով նշված դոմենով կազմակերպությունների ապօրինի գործունեությունը, որևէ քայլ չի արել այն արգելափակելու համար։

Որպես օրինակ կարող ենք նշել Bank24.am կազմակերպությունը, որը թեև հոկտեմբերի դրությամբ կա ԿԲ-ի լիցենզիա չունեցող կազմակերպությունների ցանկում, բայց այսօր էլ շարունակում է գովազդ տեղադրել և մարդկանց գումար առաջարկել։

Ֆոտոշարք