Մոսկվայի սպառնալիքները պետք չէ անտեսել. նա կարող է Ադրբեջանի միջոցով հարվածել ՀՀ-ին
copy image url

Մոսկվայի սպառնալիքները պետք չէ անտեսել. նա կարող է Ադրբեջանի միջոցով հարվածել ՀՀ-ին

Արտաքին Ներքին Խոսք 1 տարի առաջ - 17:00 15-12-2023

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադամիր Պուտինը նախօրեին իր ավանդական տարեվերջյան մեծ ասուլիսն անցկացրեց, որի ընթացքում պատասխանեց նաև հայ-ռուսական հարաբերություններին և մասնավորապես Արցախում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցերին։

Պուտինը հերթական անգամ պնդեց, որ ոչ թե ՌԴ-ն, այլ Հայաստանն է հրաժարվել Արցախից և այդ մասին անգամ չի տեղեկացրել ռուսական կողմին։ Անդրադառնալով ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ից Հայաստանի դուրս գալու հնարավորությանը՝ Ռուսաստանի առաջնորդը համոզմունք հայտնեց, որ դա չի բխում ՀՀ-ի շահերից, սակայն վերջնական որոշումը հայկական կողմինն է։

Այսօր նաև հայտարարությամբ հանդես եկավ Ռուսաստանի ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ նշելով, որ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների միջև 44-օրյա պատերազմից հետո ձեռք բերված համաձայնություններից հրաժարվելու փորձերը «չափազանց վտանգավոր» կարող են լինել։ Նրա համոզմամբ՝ դա անխուսափելիորեն կբերի լուրջ ռիսկերի, առաջին հերթին՝ հենց Հայաստանի համար։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը նշեց, որ ՌԴ-ում շատ լավ տեսնում և հասկանում են Հայաստանում ուժգնացող հակառուսական տրամադրությունները։ Նրա խոսքով՝ Մոսկվայում հասկանում են նաև, որ Հայաստանն անթաքույց կերպով պատրաստվում է թեքվել դեպի արևմուտք և անգամ քննարկում է ՀԱՊԿ-ից, ԱՊՀ-ից ու ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավորությունը։ «Ռուսաստանի նախագահն այդպիսի ուղերձով փորձում է մեղքն իր վրայից թոթափել, չնայած մենք տեսանք թե ինչ ճակատագրի արժանացավ Արցախը, որն իր անվտանգության ապահովման հարցում ապավինել էր ՌԴ-ին»,- ասաց նա։

Քաղաքագետը կարծում է, որ Ռուսաստանը նպատակ ունի նաև Հայաստանում ներքաղաքական գործընթացներ գեներացնել, որպեսզի ՀՀ-ին թույլ չտա իր ազդեցության գոտուց դուրս գալ։ Նա այս միտումով է պայմանավորում նաև Մարիա Զախարովայի վերջին հայտարարությունը, որն ավելի սուր էր և Հայաստանին ուղղված բացարձակ անհեթեթ մեղադրանքներ էր պարունակում, թե, իբր «ՀՀ-ն շարունակել է Լաչինի միջանցքով զենք մատակարարել Արցախին, հրաժարվել է իր բոլոր զորքերը դուրս բերել և այն».

«Մենք գիտենք, որ սրանք անհիմն մեղադրանքներ են, և այդ մեղադրանքներն իրականում պիտի ուղղվեին Ադրբեջանին։ Ամեն դեպքում տարօրինակ է, քանի որ Ադրբեջանն է խախտել նոյեմբերի 9-ի եռակողմ հայարարության գրեթե բոլոր դրույթները, իսկ ՌԴ-ից, համենայնդեպս պետական մակարդակով, Ադրբեջանին ուղղված որևէ մեղադրանք չի հնչում»,- նկատեց նա։

Անդրադառնալով Պուտինի այն հայտարարությանը, թե ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից և ԱՊՀ-ից դուրս գալը չի բխում Հայաստանի շահերից, սակայն որոշումը հայկական կողմինն է՝ Բաղդասարյանը համաձայնեց մեր այն դիտարկման հետ, որ ՌԴ-ում մտավախություններ ունեն, որ Հայաստանը կարող է բացի բոյկոտից և քննադատող հայտարարություններից, դադարեցնի այդ կառույցներին իր անդամակցությունը։ Նա ուշադրություն հրավիրեց նաև այն բանին, որ ՌԴ-ում հասկանում են, որ արևմուտքի միջնորդական ջանքերի ակտիվացումը շատ ավելի հեռուն գնացող նպատակներ ունի, որոնցից մեկն էլ Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելն է.

«Այնտեղ նաև գրեթե բացահայտ սպառնալիքներ էին հնչում, որ այդ դեպքում առաջին հերթին Հայաստանի համար նոր ռիսկեր կլինեն, որովհետև պնդում են, որ արևմուտքն իրականում խաղաղություն չի ցանկանում, և այդ ամենն ուղղված է Ռուսաստանի դեմ։ Այսինքն՝ նրանք հայտարարում են, որ դա Հայաստանի գործն է, բայց նաև սպառնում են, որ եթե ՀՀ-ն իր ընտրությունը կատարի, ապա իրենք կարող են վնասել»։

Մեր զրուցակիցի համոզմամբ՝ ամենացավալին այն է, որ Ռուսաստանն Ադրբեջանի միջոցով Հայաստանին վնասելու լծակներ ու հնարավորություններ ունի։ Նա ընդգծեց, որ եթե Մոսկվայից նման սպառնալիքներ են հնչում, որքան էլ դրանք անարդարացի լինեն, պետք չէ դրանց մատների արանքով նայել, քանի որ դրանք կարող են իրականություն դառնալ, ինչպես մի քանի անգամ արդեն եղել է պատմության ընթացքում։ Նա նշում է, որ պետք է շարժվել ոչ թե էմոցիաներով, համակրանքով, կամ հակակրանքով, այլ հստակ հաշվարկել ռիսկերը՝ դրանք իրակա՞ն են, թե՞ ոչ, դրանց դիմակայելու ռեսուրսներ ունե՞նք և ըստ այդմ որոշումներ կայացնել։

Հարցին, թե որքանո՞վ է իրատեսական, որ Ռուսաստանը կարող է Հայաստանում հեղաշրջում իրականացնել և իշխանության բերել իր համար նախընտրելի քաղաքական ուժերին, ինչի մասին մի շարք փորձագետներ պնդում են՝ մեր զրուցակիցը պատասխանեց, որ ՌԴ-ի խնդիրը Հայաստանում իշխանափոխություն իրականացնելը չէ։ Նա կարծում է, որ ՌԴ-ի խնդիրն է թույլ չտալ, որ Հայաստանը թեքվի դեպի արևմուտք և փոխի իր վեկտորը։

«Եթե դրա ձևերից մեկն իշխանափոխությունն է, ապա ռուսական կողմն, անկասկած, կգնա այդ քայլին, իսկ եթե դա հնարավոր լինի անել այլ լծակներով, ապա Ռուսաստանը դրանք կօգտագործի։ Այսինքն՝ Հայաստանում իշխանափոխություն իրականացնելը ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ ՌԴ-ի քաղաքական շահերը սպասարկելու համար»,- նշեց նա։

Բաղդասարյանը հավելեց, որ Ռուսաստանի համար խնդիրը բացարձակապես անձնավորված չէ։ Նա ասաց, որ եթե Հայաստանի իշխանությունները չփոխեն երկրի արտաքին քաղաքական վեկտորը, ապա Ռուսաստանը մեծ սիրով կաշխատի նաև ներկայիս իշխանությունների հետ։ «Ուստի այս խնդիրն անձնավորված չէ, ինչպես ընդհանրապես լուրջ պետությունների դեպքում՝ արտաքին քաղաքական հարցերը, որպես կանոն, անձնավորված չեն լինում»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ձեզ գուցե հետաքրքրի