Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում
անդրադարձել էր նաև արցախահայության վերադարձի խնդրին՝ այն փոխկապակցելով Հայաստան ադրբեջանցիների վերադարձի գործընթացի հետ։ Մասնավորապես Ալիևը նշել էր, որ եթե Հայաստանը ցանկանում է խաղաղության պայմանագրում արցախահայերի վերադարձի վերաբերյալ դրույթ ամրագրել, ապա պետք է համաձայնի նույնը անել Հայաստանից հեռացած շուրջ 300 հազար ադրբեջանցիների համար։
Այս հայտարարությունը հայ հասարակության շրջանում մտահոգություններ է առաջացրել, քանի որ Ալիևը շատ լավ գիտակցում է, որ այն Հայաստանում ներհասարակական պառակտումների պատճառ կդառնա, իսկ իշխանությունները մեծ հավանականությամբ կհրաժարվեն դա անել և այսպիսով փորձում է մեկընդմիշտ փակել Արցախի հարցը։ Միևնույն ժամանակ նաև կարծիքներ են հնչում, որ Նիկոլ Փաշինյանն այնուամենայնիվ կհամաձայնի այս պահանջի կատարմանը՝ հասարակության փորձելով համոզել, որ դա արել է, որպեսզի արցախցիները վերադառնալու հնարավորություն ունենան։
Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Բադալյանը համոզմունք հայտնեց, որ Արցախի հարցի բացումն ու փակումը կախված չէ ո՛չ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, և ո՛չ անգամ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներից։ Նրա խոսքով՝ դա այն կարևորագույն հարցն է, որը բավականին երկար ժամանակահատված դեռևս մնալու է միջազգային քաղաքական խաղացողների օրակարգում, և նրանք էլ, ըստ իրենց հայեցողության, այդ հարցն ակտիվացնելու են, կամ թուլացնելու են։
Բադալյանը կարծում է, որ հենց Հայաստանում իշխանափոխություն տեղի ունենա, և այնպիսի իշխանություն կգա, որն այլ արտաքին քաղաքականություն կվարի և կառաջնորդվի ՀՀ-ի շահերով, Արցախի հարցը կրկին ակտուալ կդառնա։ Նա չբացառեց, որ այդ պարագայում Արցախը կրկին շատ կարճ ժամանակահատվածում կարող է ազատագրվել, և հետևաբար Արցախի հարցի փակումը կախված չէ Ալիևի որոշումներից։ Քաղաքագետը կարծում է, որ նոր իշխանության պարագայում հայկական զորքերը միանշանակ հաղթելու են, իսկ այս անգամ պարտվեցին, քանի որ օրվա իշխանությունները նման նպատակ ունեին.
«Եթե գալիս է այնպիսի իշխանություն, որը հաղթելու նպատակ ունի, ապա հայկական բանակը հաղթելու է Ադրբեջանին, որովհետև հայկական բանակն ադրբեջանականից շատ ավելի ուժեղ է, իսկ Ալիևը սա շատ լավ հասկանում է»։
Քաղաքագետն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Ալիևն արցախահայության և Հայաստանում նախկինում բնակված ադրբեջանցիների հարցը փորձում է նույնականացնել, քանի որ ցանկանում է ցույց տալ, որ Արցախի հարցն այլևս իր ներքին հարցն է, և այն չպետք է քննարկվի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև։ Նա նկատում է, որ Ալիևը հարցը ներկայացնում է որպես ազգային փոքրամասնությունների հարց և պահանջում, որ եթե հայկական կողմը ցանկանում է, որ «Ադրբեջանի տարածքում» հայկական փոքրամասնություն բնակվի» ապա պետք է համաձայնի նաև հակառակին։
«Սա ցույց է տալիս, որ Արցախի հարցն այլևս չի քննարկվելու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում, Ալիևի համար այդ հարցը գոյություն չունի։ Ադրբեջանի նախագահը խաղաղության պայմանագրի հիմքում սա է ցանկանում դնել, բայց շատ լավ հասկանում է, որ 300 հազար ադրբեջանցիները Հայաստան չեն գալու, ուստի ցանկանում է թույլ չտալ, որ արցախահայությունը վերադառնա Արցախ»,- կարծում է նա։
Արմեն Բադալյանը նաև կարծում է, որ այս ամենի հասցեատերը ոչ թե Հայաստանի Հանրապետությունն է, այլ Ռուսաստանի Դաշնությունը, որն Արցախի տարածքում խաղաղապահ զորք ունի և Բաքուն կարող է ռուս խաղաղապահներին առաջարկել, որ ինքը թույլ կտա արցախցիների վերադարձը և խաղաղապահների ներկայությունը, եթե Հայաստանի տարածք էլ ադրբեջանցիներ վերադառնան և ապրեն։
Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ Նիկոլ Փաշինյանը այնուամենայնիվ համաձայնի Ալիևի այս պահանջին՝ հասարակությանը համոզելով, որ դա արել է, որպեսզի արցախցիները վերադառնալու հնարավորություն ունենան, մեր զրուցակիցը պատասխանեց, որ հասարակության շրջանում որևէ դժգոհություն, կամ պահանջ չի տեսնում առ այն, որ արցախահայությունը պետք է վերադառնա իր հայրենիք։ Նրա խոսքով՝ Հայաստանի հասարակության համար այս հարցն արդեն փակված է, և հասարակությունն այն վիճակում չէ, որ իշխանություններից պահանջի այս հարցով զբաղվել։
Քաղաքագետը նշեց նաև, որ արցախահայության հարցը մեծ կարևորություն է ձեռք բերել Ռուսաստանի և Արևմուտքի համար, և այժմ հիմնական գործընթացը տեղի է ունենում այն բանի շուրջ, որ կողմն արցախահայությանը հետ կտանի արդեն Ադրբեջան, և ով կլինի նրանց անվտանգության երաշխավորը։ «Այս հարցն օգտագործելով՝ ռուսական կողմն Արևմուտքին է ցանկանում դուրս մղել Հարավային Կովկասից, իսկ արևմուտքը իր մանտադի ներքո որևէ ինքնավարություն ստեղծելու միջոցով փորձում է արցախահայությանը վերադարձնել այնտեղ՝ Հարավային Կովկասում իր դիրքերն ամրապնդելու և Ռուսաստանին դուրս մղելու համար»,- նկատեց նա՝ շեշտելով, որ հարց կախված չէ Ալիև-Փաշինյան ձևաչափից։
Վերջինս հայտնեց նաև Ալիևը, լինելով ինքնուրույն գործիչ և առանձին խաղացող, կարողանում է այս հարցն օգտագործել՝ ելնելով իր շահերից, իսկ Հայաստանը չի կարողանում, քանի որ գտվում է Արևմուտքի խամաճիկային կառավարման տակ։
Մեր հարցին, թե կոնսենսուսի պարագայում Ալիևը կհամաձայնի՞ Արցախի բնակչության անվտանգության միջազգային երաշխիքներ տրամադրել, քանի որ բազմիցս բացառել է նման հնարավորությունը՝ Բադալյանը պատասխանեց, Ալիևը շատ բաներ կարող է բացառել, սակայն ընդգծեց, որ եթե միջազգային այս կամ այն կենտրոնը՝ ՌԴ-ն, կամ արևմուտքը, վերջնականապես որոշեն, որ արցախահայությունը պետք է վերադառնա, ապա իրենք չեն նայելու Ալիևի ցանկությանը։ Նա այս ամենը պայմանավորեց ուկրաինական պատերազմի զարգացումներով՝ նշելով, որ այդ հակամարտությունում հաղթող կողմը կարող է հանդես գալ որպես արցախահայության անվտանգության երաշխավոր, իսկ Ալիևը չի կարողանա վերջինիս մերժել։
«Եթե Ռուսաստանը հաղթի պատերազմում, ապա վերջինս կարող է 2000-ի փոխարեն 20.000-անոց զորք մտցնել Արցախ և անհրաժեշտության դեպքում Արցախի յուրաքանչյուր բնակչի անվտանգությունն ապահովելու նպատակով մեկ ոստիկան նշանակել։ Ադրբեջանը չի կարող միացյալ արևմուտքին, կամ Ռուսաստանին ինչ-որ բան պարտադրել, անկախ նրանից՝ թե ինքը ինչ կհայտարարի։ Պարզապես Ալիևը խաղացող է, ով այս անցումային շրջանում միջազգային թատերաբեմում փորձում է իր երկրի համար բավականին օգտակար գործողություններ կատարել՝ առնվազն Արցախը պահել իր տարածքում»,- եզրափակեց նա։
Դավիթ Գույումջյան