Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է՝ Եվրամիությանը Ուկրաինայի արագացված կարգով անդամակցումը հակասում է Հունգարիայի ազգային շահերին: Այս մասին Օրբանն ասել է երկրի խորհրդարանում ունեցած ելույթում։
«Կառավարության տեսակետն այն է, որ դա Եվրամիության համար կունենա անկանխատեսելի հետևանքներ: Ուկրաինայի արագ անդամակցումը չի բխում ոչ Հունգարիայի և ոչ էլ Եվրամիության շահերից»,- ասել է նա:
Հունգարիայի վարչապետը սպառնացել է վաղը Բրյուսելում վետոյի կիրառել Կիևի հետ անդամակցության շուրջ բանակցությունները սկսելու որոշման նկատմամբ:
Անակնկալ այցով Նորվեգիայի մայրաքաղաք Օսլո ժամանած Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդել է, որ միայն Հունգարիան է դեմ Ուկրաինայի անդամակցության գործընթացին։
«Վաղը Բրյուսելում գումարվելիք գագաթնաժողովը դյուրին չի լինի, միության երկրների 99 տոկոսը սատարում է Ուկրաինայի անդամակցությանը, միայն Հունգարիան է դեմ, մենք շատ կառուցողական ենք և մեր կողմից ամեն բան արել ենք Եվրոպական հանձնաժողովի հանձնարարականները կատարելու համար»,- ասել է Զելենսկին: