«Մենք ներկայացրել էինք այլընտրանքային մեր տարբերակը, ընդ որում հաշվի էինք առել որոշ կետեր, որոնց հետ իշխանությունը կարող էր չհամաձայնել, և դրանք չէինք ներառել, սակայն իշխանությունը, միևնույն է, չընդունեց մեր տարբերակը։ ՔՊ-ն ասաց՝ ազգային միասնությունը մեր տարբերակը ընդունելն է և վերջ»։ Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Հայ հեղափոխական դաշնակցության անդամ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչու ստեղծված սահմանային լարված իրավիճակում ընդդիմությունը միասնական, համաատեղ փաստաթղթով հանդես չեկավ այն ժամանակ, երբ երկիրը հարձակման էր ենթարկվել։
Խաչատրյանը, անդրադառնալով երկրի պաշտպանության գործում ԱԺ-ի գործառույթին, նշեց. «Ազգային ժողովը երկիրը չի պաշտպանում, երկիրը պաշտպանում է բանակը։ Ազգային ժողովը ինչ փաստաթուղթ էլ ընդունի, դա ոչինչ է»։
Հարցին, թե ինչպես պետք է վերականգնեն դաշնակցային հարաբերությունները, Ռուսաստանի հետ Խաչատրյանը պատասխանում է. «Փորձում ես հասկանալ, թե շահերի աղբյուրը որտեղ է։ Այս տարածաշրջանում Հայաստանի դիրքերի ուժեղացումը, Ռուսաստանի շահերին չի հակասում։ Չի հակասում այնքան, որքան կարող է Արևմուտքին հակասել»։
Խոսելով Արցախը հետ բերելու մասին՝ Խաչատրյանը նկատում է. «Հետ ենք բերելու Մադրիդյան սկզբունքների վերսկսումով»։