Առանց արևմուտքի ճնշման Ալիևը չէր համաձայնի գերիներին ազատ արձակել
copy image url

Առանց արևմուտքի ճնշման Ալիևը չէր համաձայնի գերիներին ազատ արձակել

Արտաքին Ներքին Խոսք 1 տարի առաջ - 23:30 08-12-2023

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նախօրեին հայտնի դարձավ, որ Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության են եկել, որի շրջանակներում ադրբեջանական կողմն ազատ կարձակի 32 հայ զինծառայողների, իսկ ՀՀ-ն՝ 2 ադրբեջանցիների։ Ավելի ուշ հրապարկվեց նաև ազատ արձակվող զինծառայողների անունները, որից պարզ դարձավ, որ Ադրբեջանի կողից հիմնականում ազատ են արձակվելու 2020 թվականի դեկտեմբերի 13-14-ին Խծաբերդից, ինչպես նաև 2021 թվականի մայիս-նոյեմբեր ամիսներին ադրբեջանական ուժերի՝ ՀՀ տարածք ներխուժման հետևանքով գերեվարված հայ զինածառայողները։

Չնայած հայտարարվում է, որ համաձայնությունը կայացել է բացառապես Երևանի և Բաքվի միջև տեղի ունեցած երկկողմ բանակցությունների արդյունքում, այնուամենայնիվ կարծիքներ են հնչում, որ Ադրբեջանի նկատմամբ Արևմուտքի, մասնավորպես ԱՄՆ-ի կողմից ճնշումներ են գործադրվել, այլապես Ալիևը չէր համաձայնի ազատ արձակել 32 հայ զինծառայողներին։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Հայկ Սուքիասյանը համաձայնեց այս պնդումների հետ՝ նշելով, որ Ադրբեջանն Արևմուտքի ճնշման ներքո է այդ որոշումը կայացրել։ Նա հիշեցրեց, որ որոշմանը նախորդել էր ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենի այցը Բաքու։

«Ես վստահ եմ, որ իրեն (նկատի ունի Ալիևին-Oragir.News) ինչ-որ բաներ բացատրել են։ Նկատի ունենենք, որ Ադրբեջանը մինչև այս պայմանավորվածությունը իրեն ոչ հարիր և գերտերության կեցվածք էր ընդունել, և ԱՄՆ-ին մեղադրում էր՝ համարժեք պատասխաններ տալու մեջ, սակայն ո՛չ Ադրբեջանի կլանային դինասիայի ղեկավար Ալիևը, ո՛չ անգամ Ադրբեջանը Ռուսաստանի և Թուրքիայի հետ ինքնին այն պետությունը չէ, որ ԱՄՆ-ի դեմ հոխորտա»,- կարծում է նա։

Սուքիասյանը շեշտում է, որ Ադրբեջանը տարածաշրջանում Ռուսաստանի ներկայությունն ապահովող պետություններից մեկն է, և կողմնակից է տարածշրջանը կոնֆլիկտներով շրջապատելուն։ Նրա համոզմամբ՝ Արևմուտքը դրան դեմ է, իսկ Հայաստանի քաղաքականությունը ճիշտ ընկալում է, որովհետև Երևանի դիսկուրսն արտաքին աշխարհի համար լեգիտիմ է և հասկանալի.

«Այս ամենի համաբույլը բերել է Ադրբեջանի ղեկավարի գանգին Արևմուտքի ճնշումը, և ինքը վազելով եկել համաձայնել է։ Եթե մնար երկկողմ բանակցություններին, ես վստահ եմ, որ ինքը չէր ցանկանա։ Ինքն էլի չի ցանկացել, պարզապես չցանկալով արել է, և այդ չցանկալու վառ դրսևորումը 2 առաջ իրենց դիպուկահարի կողմից մեր զինծառայողի սպանությունն էր»։

Հարցին, թե որն է պատճառը, որ որոշումը, ըստ իրեն, կայացվել է Արևմուտքի ճնշման արդյունքում, սակայն հայտարարվում է, թե երկկողմ բանակցությունների արդյունքում են Երևանը և Բաքուն համաձայնության եկել, մեր զրուցակիցը պատասխանեց, որ միանշանակ որոշումը ճնշման արդյունքում է կայացվել, սակայն Բաքուն դա չի կարող խոստովանել։ Նրա խոսքով՝ Ալիևը ավտորիտար և սուլթանիստական ռեժիմով շարժվող ղեկավար է, դա ցույց չի տալիս և արտաքին աշխարհին փորձելու է որպես լավություն վաճառել։

Սուքիասյանը նաև նշեց, որ Ալիևն անուղղակի ձևով ընդունեց Արևմուտքի միջնորդությունը, քանի որ հայտարարեց՝ բանակցությունները շարունակելու համար ԵՄ-ի հարթակը լավագույնն է։ Նա վերահաստատեց, որ եթե Ալիևի նկատմամբ ճնշում չգործադրվեր, ապա վերջինս Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու որևէ նպատակ, կամ ցանկություն չունի, քանի որ Բաքուն տարածաշրջանում մանևրելու մեծ հնարավորություն ունի, վայելում է ՌԴ-ի աջակցությունը և այլն։ Քաղաքագետի համոզմամբ՝ Ալիևը նաև պարտականություն ունի Ռուսաստանի հանդեպ, քանի որ առանց ՌԴ-ի աջակցությամբ Արցախը չէր կարողանալու գրավել։ «Հետևաբար, եթե Ռուսաստանն իր համար այդ ծառայությունը մատուցել է, ապա ինքը պարտք ունի, ՌԴ-ն դա ինչ-որ բանի դիմաց է արել, իսկ այդ ինչ-որ բանը տարածաշրջանում կոնֆլիկտները տաք պահելն է, որպեսզի ՌԴ-ն այստեղ միշտ ներկա գտնվել»,- ասաց նա՝ պնդելով, որ Ալիևը ստիպված գնացել է այս գործընթացին և դա ներկայացնում է որպես բարի կամքի դրսևորում։

Մեր հարցին, թե երկկողմ բանակցություններն արդյունավետ համարո՞ւմ է՝ հակամարտության լուծման և խաղաղության պայմանագրի ստորագրմանը հասնելու տեսանկյունից՝ Սուքիասյանը պատասխանեց, որ որպես հակամարտության լուծման հարթակ սա արդյունավետ չէ և չի էլ կարող լինել։ Սակայն, միևնույն ժամանակ նա նկատեց, որ որպես հակամարտության լուծմանն աջակցելու ձև, կամ հնարավորություն, այս ձևաչափը կարող է գոյություն ունենալ։

Քաղաքագետը վստահեցրեց, որ եթե միայն երկկողմ ձևաչափը լինի, Հայաստանն այնտեղ շանսեր չունի, քանի որ միայնակ է։ Նրա խոսքով՝ Արևմուտքը ջանքեր է գործադրում, որպեսզի ամեն կերպ ներգրավվի այս հակամարտությունների լուծմանը, քանի որ գիտակցում է, որ երկկողմ ձևաչափում նույնպես Ադրբեջանը միայնակ չեն, այնտեղ լատենտ կերպով գործում են Թուրքիան և Ռուսաստանը։

«Ադրբեջանը երկկողմ ձևաչափում բանակցություններ է ձևացնում, սակայն իրականում չի բանակցում։ Բաքուն ցանկանում է լեգիտիմացնել այդ հարթակը, որպեսզի արևմտյան հարթակներից հրաժարվի, բայց մենք ամեն ինչ պետք է անենք, որ բանակցությունները կայանան բացառապես արևմտյան միջնորդների ներկայությամբ, քանի որ Արևմուտքը նախ հանդես կգա որպես երաշխավոր, Ադրբեջանը չափավորված կլինի, իսկ արևմտյան բլոկի պետությունների համար մեր արգումենտները հասկանալի են»,- շեշտեց նա։

Հայկ Սուքիասյանը հավելեց, որ Ադրբեջանը կարող է երկկողմ ձևաչափով մեկ տարի բանակցելուց հետո հայտարարել, որ ինչ-որ խնդիր կա և հրաժարվել բանակցություններից։ Նա նաև ասեց, որ դա անգամ ձևաչափ չէ, պարզապես օգնող միջոց է, որը զուգահեռաբար գործում է։ «Թող լինի, բայց դա մեզ համար գլխավոր հարթակը չէ։ Գլխավորը՝ արևմտյան ձևաչափերում ընթացող բանակցություններն են»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ձեզ գուցե հետաքրքրի