ԵՄ-ն կարո՞ղ է Ուկրաինային ավելի շատ աջակցություն տրամադրել. Բրյուսելում լուծումներ են փնտրում
copy image url

ԵՄ-ն կարո՞ղ է Ուկրաինային ավելի շատ աջակցություն տրամադրել. Բրյուսելում լուծումներ են փնտրում

Արտաքին 1 տարի առաջ - 15:00 15-11-2023
Նոյեմբերի 14-ին Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը քննարկվել է, թե արդյո՞ք Եվրամիությունը կկարողանա զինամթերք տրամադրել Ուկրաինային, սակայն նախարարների կողմից առաջ քաշված կանխատեսումները տարբերվում էին։ Այս մասին տեղեկացնում է գերանական Deutsche Welle լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ դա չի հաջողվի անել՝ նշելով, որ նման հարցի քննարկումը սխալ է։ Միևնույն ժամանակ հակառակ կարծիք է արտահայտել ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրետոնը՝ ասելով, որ եվրոպական պաշտպանական արդյունաբերությունը 20-30 տոկոսով մեծացրել է իր հզորությունը, որպեսզի հնարավոր լինի Ուկրաինային մինչև 2024 թվականի մարտը զինամթերք մատակարարել։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտնել է, որ վերջին տվյալներով կազմակերպության երկրներն արդեն 180 հազար արկերի համատեղ պատվերներ են կատարել։

«Մեկ միլիոն միավոր զինամթերքի մատակարարումը մնում է քաղաքական նպատակ, որը մենք արձանագրել ենք անդամ երկրների հետ միասին։ ԵՄ անդամ երկրները արել են ամեն բան՝ Կիևին տրամադրելով 27 մլրդ եվրոյի ռազմական օգնություն, բայց դա բավարար չէ։ Մենք շարունակելու ենք հասնել դրան՝ ամեն օր անելով հնարավոր ամեն ինչ, որպեսզի ավելի արագ և ավելի շատ քանակի զինամթերք մատակարարենք»,- նշել է նա։

Եվրոպացի նախարարները քննարկել են ռազմական աջակցության ավելացման հարցը, որը ոչ միայն զինամթերքին է վերաբերում, այլ նաև ՀՕՊ համակարգերին։ Բորելի խոսքով՝ ռազմական աջակցության ավելացման հարցը պետք է համաձայնեցնել անդամ երկրների հետ, սակայն խաղաղության եվրոպական հիմնադրամի օգնության հերթական մասնաբաժինը արգելափակում էր Հունգարիան։

«Հունգարացի նախարարը մեզ բացատրել է, որ այսօր ուկրաինացիների հետ նոր հանդիպում տեղի կունենա՝ փորձելու համար չեղարկել ութերորդ մասնամաժնի վճարումը»,- հայտնել է Բորելը:

Նախարարների հանդիպման շրջանակում անդրադարձ կատարվեց նաև Ուկրաինայի պաշտպանության համար առանձին հիմնադրամի ստեղծմանը։ Էստոնիայի պաշտպանության նախարար Հանո Պեվկուրի կարծիքով՝ պետք է արագ լուծել հիմնադրամի ստեղծման հարցը: Բրյուսելում նախարարներին միացած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հիշեցրել է, որ ռազմաճակատում իրավիճակը ծանր է, ուստի կարևոր է շարունակել օգնել Ուկրաինային:

Նշվում է նաև, որ դեկտեմբերի սկզբին անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ գլխավոր քարտուղարի տեղակալ Շառլ Ֆրիզը կմեկնի Կիև՝ քննարկելու Ուկրաինային երկարաժամկետ աջակցությունը տրամադրելու հարցը։