Թբիլիսիում ԼԳԲՏ համայնքի հակառակորդները խափանել են գեյ շքերթը․ բացառիկ տեսանյութ

Արտաքին 1 տարի առաջ - 00:37 09-07-2023
Թբիլիսիում ԼԳԲՏ համայնքի հակառակորդներին նախօրեին հաջողվել է խափանել մայրաքաղաքում նախատեսված գեյ շքերթի անկացումը։ Այս մասին տեղեկացնում է վրացական Новости Грузия լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Tbilisi Pride շքերթը վերջին պահին չեղյալ է հայտարարվել, քանի որ ԼԳԲՏ համայնքի հակառակորդները կարողացել են ճեղքել ոստիկանական պատնեշները։

«Մենք ստիպված էինք լքել տարածքը։ Իրավապահները չեն կարողացել պաշտպանել տարածքը։ Տարհանումն իրականացվել է տաքսիով։ Խնդրում ենք չմտնել փառատոնի հրապարակ»,- հայտնել են շքերթի կազմակերպիչները։

Վրացական լրատվամիջոցը հայտնում է, որ գեյ շքերթով պետք է ավարտվեր ԼԳԲՏ համայնքի կողմից անկացվող «Հպարտության շաբաթը», որն անցկացվում էր փակ դռների հետևում՝ համայնքի հակառակորդների սպառնալիքների պատճառով։ Շքերթը նախատեսված էր անցկացնել մասնավոր փակ տարածքում՝ Lisi Wonderland համալիրում:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը խոստացել էր ապահովել փառատոնի անվտանգությունը, անգամ հատուկ ջոկատայիններ են մոբիլիզացրել, սակայն իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։

Նշվում է, որ փառատոնի հակառակորդները գրավել են տարածքը՝ կոտրելով բեմը, այրելով ծիածանի դրոշներն ու ԼԳԲՏ խորհրդանիշները։ Միջադեպի հետևանքով մի քանի հոգի բերման են ենթարկվել։