Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ադրբեջանի զինված ուժերը հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել են Արցախի պաշտպանության բանակի չորս զինծառայողներ։
Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, թե իբր Աղդամի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը գնդակոծվել են, ինչի հետևանքով ադրբեջանական ուժերը պատասխան գործողություններ են իրականացրել։ Արցախի Հանրապետության իշխանությունները հերքել էին Բաքվի կողմից տարածված հերթական ապատեղեկատվությունը։
Հատկանշական է, որ ադրբեջանական կողմն Արցախի ուղղությամբ հրադադարի ռեժիմը խախտում է այն ժամանակ, երբ Վաշինգտոնում ընթանում են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցություննները՝ ԱՄՆ պետքարտուղարի միջնորդությամբ։
Oragir.News-ի հետ զրույցում ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը նկատեց, որ սա Ադրբեջանի կողմից ավանդական վարքագիծ է, և տասնամյակներ շարունակ, երբ լուրջ բանակցություններ էին ընթանում, Ադրբեջանը պարտադիր մարդ էր սպանում։ Նրա խոսքով՝ սա հայկական կողմին և միջազգային հանրությանն այսպես ասած մեսիջ է առ այն, որ եթե Ադրբեջանի պայմանները չկատարվեն, ապա իրենք շարունակելու են սպանել։ Ադիբեկյանն ընդգծեց, որ հաշվի առնելով միջազգային հանրության հանդուրժողականությունը՝ Ադրբեջանը կմնա անպատիժ։
Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն ուշադրություն է հրավիում այն բանին, որ Ադրբեջանը շատ լավ գիտակցում է, որ մնալու է անպատիժ, և իր քայլերը միտված են Արցախի բնակչության շրջանում վախ սերմանելուն։ Նա ընդգծեց, որ ներկայումս Արցախը գտնվում է տոտալ շրջափակման մեջ, և ոչ մի տեսակի ելումուտ չի իրականացվում՝ անգամ առաջին անհրաժեշտության բեռների, հիվանդների տեղափոխման և այլ նպատակով։ «Հիմա Ստեփանակերտը վերածվել է 1942 թվականի Լենինգրադի, երբ մարդիկ գտնվում են պաշարված վիճակում։ Սա պարզապես մարդկանց ուժ ցույց տալու և կոտրելու գործիք է։ Բացի այդ՝ Ալիևն ասել է, որ մեր (իրենց-խմբ․) ատյալ հարևանները չեն ուզում խաղաղություն, և մենք (իրենք-խմբ․) վրեժ ենք լուծում և շարունակելու ենք լուծել՝ այս 30 տարվա նվաստացումների համար»,- նշեց նա։
Հարցին, թե Ադրբեջանի այս գործողությունները որքանո՞վ են պայմանավորված այդ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի վերջին հայտարարության հետ, որում վերջինս նշել էր, որ Արցախի պաշտպանության բանակն Ադրբեջանի համար սպառնալիք չի պարունակում, մեր զրուցակիցը պատասխանեց, որ այս հայտարարությունը ուղիղ կապ չունի սադրանքի հետ, և այն ավելի շատ միջանկյալ հայտարարություն է։ Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում ադրբեջանական կողմն իսկապես ի վիճակի է նման բան անել, քանի որ Արցախի տարածք որևէ տեսակի զենք-զինամթերք չի մտնում, այնտեղ առկա ողջ զինամթերքը հայկական բանակի հետ դուրս է բերվել, և Ադրբեջանը, ոչ մի զոհ չկրելով, կարող է բնաջնջել Արցախի ոչ միայն բանակը, այլ նաև ողջ բնակչությանը։
Մեր հարցին, թե Արցախում Ադրբեջանի վերջին սադրանքները որևէ կապ ունե՞ն Ռուսաստանում «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության կողմից իրականացված ապստամբության հետ, Արմինե Ադիբեկյանը նշեց, որ իրականում Բաքուն անում է այն, ինչ իրեն թույլ են տալիս իր արտաքին գործընկերները՝ այդ թվում նաև Ռուսաստանը։
Ադրբեջանագետը Բաքվի վերջին սադրանքի և «Վագների» հետ կապված իրադարձությունների միջև ուղիղ կապ չի տեսնում, որովհետև Ադրբեջանի քայլերը կարելի է կապել ամեն ինչի հետ։ Նրա խոսքով՝ սա փիլիսոփայության մեջ կոչվում է «թիթեռնիկի էֆեկտ», երբ աշխարհի մի ծայրում թիթեռնիկը իր թևերը թափահարում է, իսկ մյուս ծայրում՝ փոթորիկներ են սկսվում։ Նա նշեց, որ այս տրամաբանության մեջ ստեղծված իրավիճակի հետ կարելի է կապել ամեն ինչ՝ Սիրիայում, Ուկրաինայում ընթացող գործողությունները և այլն։
«Ռուսաստանը միաժամանակ Թուրքիայի հետ է խաղեր տալիս և համագործակցություն հաստատում, նա Ադրբեջանի միջոցով իր դեմ պատժամիջոցներ սահմանած երկրներին նավթամթերք է վաճառում՝ մի փոքր գումար վաստակելու համար։ Բնական է, որ Ռուսաստանը Ադրբեջանի հետ որևէ սրացման չի գնալու, և բնական է, որ հանդուրժում է այն ամենը, ինչ հիմա կատարվում է։ Շրջափակման մեջ գտնվում են նաև ռուսական զորքերը։ Պարզապես նրանց մնացել է ընդամենը մեկ տարի, մեկ տարի հետո Ռուսաստանն իր զորքերը այնտեղից կհանի, և արցախցիներն Ադրբեջանի հետ կմնան մեն մենակ։ Այդ դեպքում տեղի կունենա այն, ինչ տրամաբանական է. Արցախի ժողովուրդը կցեղասպանվի»,- կարծում է նա։
Արմինե Ադիբեկյանը հավելեց, որ «Վագների» գործողությունների և Ադրբեջանի սադրանքների միջև ոչ մի կապ չի տեսնում՝ բացի նրանից, որ Ռուսաստանը տեսնում է այս ամենը, հանդուրժում է և չի խոչընդոտում, որ իր բանակի մի մասը շրջափակման մեջ գտնվի Ադրբեջանի զինված ուժերի կողմից։