Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնացել է Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին, որի ընթացքում պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին։
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել են մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին։ Նիկոլ Փաշինյանը, հանձնաժողովի անդամների հարցերին պատասխանելիս, հերթական անգամ հանդես եկավ մի շարք հայտարարություններով, որոնք մինչև այժմ քննարկվում են ինչպես հանրության, այնպես էլ փորձագիտական շրջանակների կողմից։
Oragir.News-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը նշեց, որ այս հանձնաժողովը ստեղծվել է երկու նպատակով. նախ որպեսզի պատերազմի մեղքը բարդվի բոլորի վրա, բացի այն մարդուց, ով հայտարարում էր, որ ինքը գերագույն գլխավոր հրամանատար է, և որևէ մեկը չպետք է կասկածի այդ կարողությունների վրա, բացի այդ գլխատի բանակը, որպեսզի ցանկացած զինվորական պաշտոնյայի կարողանա մեղադրել, դատել և այլն։
«Ըստ էության՝ նա արդեն հասել է այս նպատակին, որովհետև գեներալիտետի մեծ մասն ընդգրկված է տարբեր քրեական գործերում, ոմանք նույնիսկ կալանավորված են շատ անհասկանալի և մտացածին մեղադրանքներով և այլն։ Սա բանակը գլխատելու գործիք էր, որի ուղղությամբ նա աշխատել է դեռևս 2018 թվականից»,- նշեց նա։
Ռազմական փորձագետն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ երբ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության, սկսել է քանդել անվտանգության ամբողջ համակարգը։ Նա հիշեցրեց, որ Փաշինյանի առաջին քայլերից մեկը Երկրապահ կամավորականների միությունը գլխատելն էր, այդ կառույցն, ըստ էության, չնայած թղթի վրա կա, սակայն նրա գործունեությունը շատ ավելի անարդյունավետ է, քան օրինակ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ պատերազմի արդեն երկրորդ օրը հազարից ավելի մարտիկներ դիրքերում էին, իսկ 44-օրյա պատերազմի պարագայում օրերով տեղ չէին հասնում, և ընդհանրապես պարզ չէր, թե որտեղ է այդ ռեզերվը։
«Այս ամենը միայն գործիք է՝ պարտության մեղքն իր վրայից հանելու, պատասխանատվությունից խուսափելու և այդ մեղքը կամայական մարդկանց վրա բարդելու համար»,- կարծում է նա։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ եղել են զինատեսակներ, որոնց հետ կապված իրավունքը լիարժեք և ամբողջությամբ Հայաստանին չի պատկանել՝ Վրթանեսյանն այն աբսուրդ որակեց։
Նա հիշեցրեց, որ Փաշինյանը աբսուրդային ու անհեթեթ հայտարարությունների մեծ մասնագետ է, և ամեն անգամ իր նման հայտարարություններից հետո մարդիկ սկսում են գուշակություններ անել, իսկ հետո ինքը որևէ ճտիկով գրիչ է ներկայացնում, և դա լինում է իր պատասխանը։
Ռազմական փորձագետը կոչ է անում չգուշակել, թե խոսքը, մասնավորապես, որ զինատեսակին կարող է վերաբերվել։ Նրա համոզմամբ՝ մենք հերթական նմանատիպ հայտարարության հետ գործ ունենք, որի նպատակն օրակարգերը լցնելն է, քննարկման առարկա դարձնելը, մասնավորապես, այն ֆոնին, որ այսօր թշնամու հերթական հարձակման ֆոնին չորս հայ զինվորական է զոհվել։
Ինչ վերաբերում է Փաշինյանի այն հայտարարությանը, թե պատերազմի օրերին մոբիլությունը բանակի ամենամեծ խնդիրներից մեկն էր, և շատ դեպքերում զոհեր ենք ունեցել տեղաշարժվելիս, մեր զրուցակիցը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները շատ դեպքերում լինում են կոնտեքստից կտրված, երբեմն կարող է մեկ միջադեպը ներկայացվել որպես համատարած երևույթ, կամ ընդհակառակը՝ համատարած երևույթները կոծկվեն և այլն։
Նա այս համատեքստում անիմաստ համարեց կոնտեքստից կտրված տեղեկությունների մեկնաբանումը՝ նշելով, որ դրանք ասվում են ըստ հարմարության, րոպեներ անց լրիվ հակառակն է պնդում և այլն։
Վրթանեսյանը նշում է՝ եթե բանակում մոբիլության խնդիր կար, ապա չպետք է փոխեին զինված ուժերի գնումների պլանը, որը մինչև այդ կար։ Մեր այն դիտարկմանը, որ Փաշինյանը պնդել է, թե իրենք չեն փոխել պլանը և միայն լրացուցիչ սպառազինություն են ձեռք բերել՝ փորձագետը հիշեցրեց, որ մինչև այդ հայտարարում էին, որ նախորդ բոլոր որոշումներն իրենց համար ցուցիչ չեն։
Նա նշեց, որ գնման ծրագրերը դադարեցնողներից մեկը պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն էր։ Ռազմական փորձագետը հիշեցնում է, որ զինված ուժերի յոթնամյա զարգացման ծրագրում Սու-երի գնումը նախատեսված չէր, բացի այդ ՏՈՌ համակարգեր պետք է գնվեին, դրա փոխարեն հին ՕՍԱ-ներ էին գնում, որոնք հենց պլանի փոփոխություն էին։
Մեկնաբանելով Փաշինյանի այն հայտարարությունը, թե ինքը չի հրամայել ամեն գնով հետ վերցնել հայտնի Լելե Թեփեի բարձունքը, որը կորցրել էինք Ապրիլյան պատերազմի ժամանակ, իսկ այդ ուղղությամբ հակահարձակման խնդիրը եղել է 9-րդ պաշտպանական շրջանի վերականգնումը՝ մեր զրուցակիցը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը երբեք չի խոստովանի, որ, ըստ էության, պատերազմի օրերին զբաղված էր փիառով (PR)՝ իր հաղթական կերպարի կերտմամբ։
Նրա համոզմամբ՝ տվյալ դեպքում Փաշինյանի խոսքերը չեն կարող հերքում հանդիսանալ, որովհետև ինքն այստեղ թիվ մեկ շահգրգռված անձն է։ Կարեն Վրթանեսյանը հավելեց նաև, որ պատերազմի իրական պատկերը հնարավոր կլինի գոնե մասամբ վերականգնել միայն այս իշխանություններին հեռացնելուց հետո։
Դավիթ Գույումջյան