Չավուշօղլուն վստահ է, որ Էրդողանը կհաղթի ընտրությունների առաջին փուլում
copy image url

Չավուշօղլուն վստահ է, որ Էրդողանը կհաղթի ընտրությունների առաջին փուլում

Արտաքին 1 տարի առաջ - 21:00 08-05-2023
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն կարծում է, որ այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական ընտրությունների առաջին փուլում կստանա ձայների 52-53%-ը։ Այս մասին Չավուշօղլուն հայտարարել է CNN-ի թուրքական ծառայությանը տված հարցազրույցում։

Չավուշօղլուն միևնույն ժամանակ պնդել է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների արդյունքում միայնակ կստանա խորհրդարանական տեղերի կեսից ավելին։ «Կլինի մեկ փուլ, նախագահը կհավաքի 52-53 տոկոս, ինչ վերաբերում է խորհրդարանին, ապա «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ինքնուրույն կստանա ավելի քան 300 մանդատ (Թուրքիայի խորհրդարանը կազմվում է 600 պատգամավորից-խմբ), իսկ հաշվի առնելով դաշինքի կուսակցությունները՝ այս թիվն էլ ավելի է լինելու»,- հայտարարել է նա։

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտնել է նաև, որ արտասահմանում բնակվող քաղաքացիների շրջանում աճել է ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը։ Նրա խոսքով՝ այս անգամ շատ ավելի շատ մարդիկ են հետաքրքրվել քվեարկությանը մասնակցելու համար։ «Վերջին ընտրությունների համեմատ ընտրողների թիվը կրկնապատկվել է, այս պահին քվեարկել է արտերկրում գրանցված ընտրողների ընդհանուր թվի մոտ 35 տոկոսը»,- նշել է նա։

Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհրդի տվյալներով՝ նախագահական և խորհրդարանական ընտրություններին կարող են մասնակցել Թուրքիայի 64 միլիոն քաղաքացիներ, իսկ արտերկրում քվեարկությանը մասնակցել է ավելի քան 1.6 միլիոն մարդ։

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսի 14-ին։ Նախագահական ընտրություններում առաջադրվել է չորս թեկնածու՝ գործող նախագահ Էրդողանը, ընդդիմադիր վեց կուսակցություններից ձևավորված «Ազգ» դաշինքի միասնական թեկնածու, քեմալական «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն, Մուհարեմ Ինջեն և ծագումով ադրբեջանցի, ազգայնական գործիչ Սինան Օղանը։ Ընտրություններում հիմնական պայքարը ընթանում է Էրդողանի և Քըլըչդարօղլուի միջև։