Ես երբեք չեմ եղել այսքան վստահ, որ Ուկրաինան կհաղթի. Ջոնսոն
copy image url

Ես երբեք չեմ եղել այսքան վստահ, որ Ուկրաինան կհաղթի. Ջոնսոն

Արտաքին 2 տարի առաջ - 17:59 10-05-2022
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը վստահություն է հայտնել, որ Ուկրաինան կհաղթի Ռուսաստանի դեմ պատերազմում։ Այս մասին Մեծ Բրիտանիայի վարչապետն ասել է Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ տարած հաղթանակի կապակցությամբ ունեցած ուղերձում։

Ջոնսոնն իր աջակցությունն է հայտնել ուկրաինացիներին, ովքեր խիզախորեն դիմադրում են ռուսական ռազմական ագրեսիային և ոչինչ չեն խնդրում՝ «բացի խաղաղությունից և ազատությունից սեփական հողում»։

«Ես երբեք այսքան վստահ չեմ եղել, որ Ուկրաինան կհաղթի: Ուկրաինան կլինի ազատ, և ինքնիշխան Ուկրաինան նորից հարություն կառնի»,- ասել է Ջոնսոնը:

Մեծ Բրիտանիայի վարչապետն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ուկրաինան արդեն 75-րդ օրն է՝ ընդդիմանում է ռուսական ագրեսիային։ Մասնավորապես, ինչպես նշել է Ջոնսոնը, ուկրաինացիները հետ են մղել հարձակումը Կիևի վրա և ոչնչացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պլանը։

Բրիտանական կառավարության ղեկավարը նշել է, որ ուկրաինացիներն ամբողջ աշխարհին ցույց են տվել, որ ոչինչ չի կարող հաղթել մի ժողովրդի, որը որոշել է ազատ լինել։

Ջոնսոնը վստահեցրել է, որ Բրիտանիան Ուկրաինայի հետ կողք կողքի կկանգնի այնքան, որքան պետք է։ Նա հիշեցրել է, որ Մեծ Բրիտանիան օգնում է Ուկրաինային զենք տրամադրելով։ Իսկ պատերազմից հետո, Ջոնսոնի խոսքով, Բրիտանիան կօգնի վերականգնել Ուկրաինան և հետագայում պաշտպանվել հնարավոր ագրեսիայից։